ՀԿ-ների հայցն ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2010թ.-ի դեկտեմբերի 23-ին, ժամը 09:00-ին քննության է նշանակված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով ներկայացված բողոքը:

Նշենք, որ բողոքը ներկայացվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցի կողմից, ովքեր դիմում են ներկայացրել ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին' ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ դիմումատուների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու համար:

Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության արդյունքում վերոնշյալ ՀԿ-ների նախագահները պարզել էին, որ ՔԿՀ-ում, 2010 թվականի օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։