Ձերբակալում եւ կալանավորում. տարբերվո՞ւմ են, արդյոք, այդ երկու հասկացությունները:

Ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, նրան հետաքննության մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը եւ այդ մասին նրան հայտարարելը օրենքով որոշված վայրերում եւ պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար: Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումն է:

Կալանավորումը խափանման միջոց է, օրենքով նախատեսված տեղերում եւ պայմաններում անձին կալանքի տակ պահելը: Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այն կիրառվում է միայն մեղադրյալի նկատմամբ:

Առանց նշված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է: