ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ իրավունքներ ունեն ձերբակալված եւ կալանավորված անձինք:
Ձերբակալված կամ կալանավորված անձը իրավունք ունի («Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի հոդ. 13).
իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների մասին,
իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի,
բողոքելու համապատասխան կալանավայրի վարչակազմին, վերադաս ինքնակառավարման մարմիններին, դատախազին, դատարանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական մարմիններին եւ կուսակցություններին, ԶԼՄ-ներին, միջազգային կազմակերպություններին իր իրավունքների եւ ազատությունների խախտման դեմ՝ թե՛ անձամբ եւ թե՛ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով,
բժշկական եւ իրավաբանական օգնություն ստանալու, սոցիալական ապահովության, առողջության պահպանման, բավարար սնունդ ստանալու,
անձնական անվտանգության ապահովման,
մտքի, խղճի եւ դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության,
արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, հանգստի (բացօթյա զբոսանք, մարմնամարզություն, 8-ժամյա քուն),
իր մոտ ունենալու իրեն եւ իր իրավունքներին առնչվող փաստաթղթեր ու գրառումներ, բացառությամբ պետական կամ ծառայողական օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող փաստաթղթերի:
Հարց. Թե՛ ձերբակալվածը, թե՛ կալանավորվածը նույն իրավունքնե՞րն ունեն:
Պատ. Բացի վերը թվարկված իրավունքներից, որոնք պատկանում են թե՛ ձերբակալված եւ թե՛ կալանավորված անձանց, միայն կալանավորված անձն իրավունք ունի նաեւ.
ստանալու կրթություն, զբաղվելու ստեղծագործական աշխատանքով, աշխատելու,
ձեռք բերելու սնունդ, առաջին անհրաժեշտության առարկաներ վարչակազմի միջոցով կամ կալանավայրերի խանութից կամ կրպակից, ստանալու եւ ուղարկելու դրամական փոխանցումներ:
