Իսկ եթե անչափահասը ոչ թե կասկածյալ է կամ մեղադրյալ, այլ պարզապես վկա՞:

Անչափահաս վկան կարող է հարցաքննվել, պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ: Մինչեւ 14 տարեկան, իսկ քննիչի հայեցողությամբ՝ մինչեւ 16 տարեկան, անչափահասը կարող է հարցաքննվել միայն օրինական ներկայացուցչի՝ ծնողների, ընտանիքի չափահաս այլ անդամների ներկայությամբ. մինչեւ հարցաքննությունը անչափահասին բացատրվում են նրա իրավունքները, ինչպես նաեւ պարտականությունները:

Եթե մինչեւ 16 տարեկան անչափահասը մասնակցում է հարցաքննությանը վկայի կարգավիճակով, ապա նրան բացատրվում է, որ նա պարտավոր է ճշմարտությունը պատմել, սակայն նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու եւ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին, քանի որ նա նման դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության: