ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցեց «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը: Սակայն հենց այդ օրը կալանավորվել է զինվորական ծառայությունից հրաժարված եհովայի վկա երիտասարդ: Ի դեպ, սա եզակի դեպք չէ:

Մի քանի եհովայի վկաներ են ձերբակալվել այլընտրանքային ծառայության մասին օրենքը ընդունելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո: Վերոհիշյալ օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին, իսկ երիտասարդ եհովականներ են ձերբակալվել օգոստոսի 26-ին, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 7-ին եւ հոկտեմբերի 8-ին:

Դատավարությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 12,13,14-ին: Այսօր դեռ երկու երիտասարդ սպասում են դատավարության:

Այս տեղեկություններն իմացանք Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանից: Նկատենք, որ ձերբակալված բոլոր երիտասարդները դատապարտվել են 2 տարի ազատազրկման, այն դեպքում, երբ բոլորն էլ գրել են դիմում այլընտրանքային ծառայության անցնելու մասին, ճշտեցինք Միքայել Դանիելյանից:

Այս պատկերն ամբողջացնում է վարչապետի դիրքորոշումը, որ աղանդների քոքը պետք է կտրել օրենքով:

Ի դեպ, արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը բոլորովին վերջերս մեզ հայտնեց, որ իրենք չէ, որ պետք է զբաղվեն բանակից խուսափած եւ ազատազրկված երիտասարդներով: Այդ իրենք պետք է իրենց իրավունքները պաշտպանեն եւ դիմում գրեն իրենց ազատելու խնդրանքով:

Այս տեսակետին կտրականապես դեմ է Միքայել Դանիելյանը. «Նրանք իրենց կամքով չեն ազատազրկվել, եւ իրենց պետք է ներում շնորհեն. դա նաեւ ԵԽ ԽՎ պահանջն էր, որ մինչ օրս չի կատարվել»: