ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄՏՆԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը` ահազանգի հետքերով փորձել է մտնել Ոստիկանության Երեւանի կենտրոն համայնքի բաժին, սակայն նրան ոչ մի կերպ ներս չեն թողել: Օմբուդսմենին ոստիկանները հայտնել են, թե բաժնի պետ Հովհաննես Թամամյանն ու տեղակալը տեղում չեն: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցների հավաստմամբ, ոստիկանապետն ու տեղակալը աշխատավայրում են եղել, երբ մինչ oմբուդսմենի գալը իրենք են փորձել ներս մտնել, սակայն դարձյալ հանդիպել են կոպիտ դիմադրության:
Դրանից հետո դուրս չեն եկել, սակայն Թամամյանի վարորդը տարածքից հեռացրել է նրա սեւ գույնի «Լեքսիուս» ջիփը: Լարիսա Ալավերդյանին մի կերպ հաջողվել է կենտրոնի փոխոստիկանի ուղեկցությամբ վերեւ բարձրանալ, երբ այդ մասին նա տեղեկացրել է ՀՀ Ոստիկանապետի տեղակալ գեներալ Հովհաննես Վարյանին:
Ավելացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն ահազանգ էր ստացել, որ ոստիկաննեը սեփական բնակարանից առեւանգել ու բաժին բերման են ենթարկել երեւանաբնակ 27-ամյա քաղաքացի Հմայակ Սահակյանին: Նրա հոր՝ Ռաֆիկ Սահակյանի պնդմամբ, որդուն իրավապահները այնքան են ծեծել, որ այսօր ստիպված են եղել երկու անգամ շտապ օգնություն կանչել:
