«ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ՉԵՆ ԶՐԿԵԼ, ՇՆՈՐՀԵԼ ԵՆ

IP կենտրոնների աշխատակիցները պատրաստվում են գործադուլ հայտարարել: Նրանք դժգոհ են կառավարության 2004թ. նոյեմբերի 3-ի որոշումից, որով ինտերնետային հեռախոսակապի մենաշնորհը հանձնվել է «ԱրմենՏելին»: «60 լիցենզիայի փոփոխությամբ «ԱրմենՏելի» մենաշնորհային իրավունքները ոչ թե պակասել են,այլ ընդլայնվել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կազմկոմիտեի անդամ Մուշեղ Միլիտոնյանը:

Ըստ կազմկոմիտեի անդամների, այս որոշման արդյունքում մեր երկրում վտանգված է ազատ շուկայական մրցակցությունը, ինֆորմացիոն բարձր տեխնոլոգիաների զարգացումը, մոտ 250 ընկերություններ կփակվեն, 10 000 մարդ կդառնա գործազուրկ, մեծ հարված կհասցվի սոցիալապես անապահով շերտին, կավելանա արտագաղթը:

Մուշեղ Միլիտոնյանի խոսքերով, IP կենտրոններն աշխատում են արտոնագրերով, որոնք նախկինում տրամադրում էր Կապի եւ Տրանսպորտի, իսկ ներկայումս՝ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Վերջին երեք տարվա ընթացքում 3000 անժամկետ արտոնագրեր են տրվել, որոնցով թուլատրվում է «ձայնային տվյալներ փոխանցել»:

Կենտրոնները տարեկան վճարում են 100 000 դրամ արտոնագրի վարձ, ինչպես նաեւ 7 տոկոս շահութահարկ: «Արդարադարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե IP կենտրոնները զոհում են սակագները զսպելու համար, նույն է, թե ասել՝ հատենք ծառերը, որ ջրմուղկոյուղու խողովակները չտրաքեն»,- ասաց «Աշխատանքի վերլուծության եւ ուսումնասիրության կենտրոնի» նախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Վերջինիս գնահատմամբ, եթե ներկայումս Հայաստանից ԱՄՆ կարելի է խոսել 1 րոպեն 60-80 դրամով, ապա 2005թ հունվարի 1-ից, ծառայությունը «ԱրմենՏելին» հանձնելուց հետո, վարձավճարը կդառա 500 դրամ: Այս ամենը, ըստ նրա, վկայում է, որ Լոնդոնի Արբիտրաժային դատարանի որոշումը «ԱրմենՏելի» օգտին է եղել:

Ի դեպ, կազմկոմիտեն այսօր դիմելու է Երեւանի քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում բողոքի ցույց կազմակերպելու համար: Հաջողության չհասնելու դեպքում կազմկոմիտեն պատրաստվում է կառավարության որոշումը բողոքարկել ՀՀ դատարաններում եւ նույնիսկ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում: