Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանը

«ՄԱԿ-ը որպես կազմակերպություն եւ ես որպես կին ու Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավար` անհանգստացած ենք այս երկրում կանանց հանդեպ բռնության փաստերով: Ուսումնասիրությունները վկայում են, որ դեպքերի մոտ 70%-ը գրանցվում են երկրի ամենագլխավոր կառույցում` ընտանիքում:

Դժբախտաբար այս հիմնախնդիրը գրեթե երբեք չի քննարկվում. զոհերը, բռնություն գործադրողները եւ վկաները որպես կանոն լռություն են պահպանում: Այս միջազգային օրը Հայաստանում նշելով` մենք պարտավորվում ենք անել ամեն հնարավորը օժանդակելու Հայաստանի ժողովրդի ջանքերը` ուղղված կանանց հանդեպ բռնության վերացմանը»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիս Գրանդեն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր կանանց դեմ բռնությունների վերացման միջազգային օրվան եւ Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակին:

Ըստ նրա, պայքարը ավելի արդյունավետ կլինի, եթե կանայք ու տղամարդիկ իրար հետ լինեն ու միասնական պայքարեն այս խնդրի դեմ. չէ՞ որ կանանց իրավունքների պաշտպանությունը նաեւ տղամարդկանց խնդիրն է: Ամեն օր աշխարհում բռնության են ենթարկվում 100- ավոր կանայք. հայ իրականության մեջ այս մասին բարձրաձայն չեն խոսում:

Գենդերային հարցերով վարչապետի խորհրդական Ալիս Ադամյանի խոսքերով դրա պատճառներից մեկը հայկական մենթալիտետն է.«որպեսզի այդ աղբը տնից դուրս չհանեն»:

Կանանց իրավունքի կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նշեց, որ 2001թ-ի տվյալներով ընտանեկան բռնության է ենթարկվել հարցվողների 70%-ը: Խնդիրը, ըստ նրա, վերանալ չի կարող, այլ կարող է նվազել, եթե աշխատանքներ կատարվեն: Թեեւ կենտրոնում գործում է «Թեժ գիծ», սակայն Սուսաննա Վարդանյանը չկարողացավ պատասխանել, թե օրական քանի հոգի է զանգահարում:

Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը ամեն տարի սկսում է նոյեմբերի 25-ից եւ տեւում մինչեւ դեկտեմբերի 10-ը: Ի դեպ, այդ օրերին հազարավոր տղամարդիկ կրում են սպիտակ ժապավեններ` ի նշան բողոքի կանանց նկատմամբ կիրառվող բռնության:

Հանդիպմանը ներկայացվեց Դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ www.stopvaw.org ինտերնետային էջը