«ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ» ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է

Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն «Հայակական ժամանակ» թերթին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ ավտոմեքենան այրվել է նոյեմբերի 22-ին, ժամը 20.40-ի սահմաններում, խմբագրության աջռեւ:

Դեպքից 10 օր անց միայն քրգործ հարուցելը դատախազության հաղորդագրությունում պարզաբանված է հետեւյալ կերպ. «Փորձագիտական եզրակացություն ստանալուց հետո»:

Մինչ փորձագիտական եզրակացությունը, «ՀԺ»-ն հրապարակումներում պարբերաբար տեղյակ էր պահում, որ Կենտրոնի ոստիկանությունը հրաժարվում է քրգործ հարուցելուց, պատճառաբանելով, որ ավտոմեքենան անսարքության պատճառով «ինքնահրկիզվել է»: Սակայն փորձագետների փաստաթղթում բոլորովին այլ եզրակացություն կա. «Նշանակված դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ` ավտոմեքենայի հրդեհման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը»:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերի հատկանիշներով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում հրկիզման միջոցով, որը խոշոր չափերի վնաս է պատճառել):

Նախաքննությունը իրականացնում է Երեւան քաղաքի ոստիկանության քննչական բաժինը: