Հայաստանի կրթական արդի համակարգը անմխիթար է

«Հայաստանի կրթական արդի համակարգը անմխիթար է»,- այսպես է գնահատել ՌԱՀՀԿ-ի անցկացրած հարցման մասնակից փորձագետների 81 տոկոսը եւ քաղաքացիների 47 տոկոսը: Այսօր կենտրոնում ներկայացվեցին «ՀՀ քաղաքական օրակարգի հրատապ խնդիրները եւ հանրային կարծիքը» թեմայով փորձագիտական եւ հանրային հարցումների արդյունքները: Դրան մասնակցել է 100 փորձագետ եւ 2002 հարցվող Երեւանից եւ ՀՀ բոլոր մարզերից:

«Կրթությունը հասարակության երկրորդ հայելին է, բայց այսպիսի գնահատականները իմ երեւակայությունից վեր են»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության վերահսկողության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը` անդրադառնալով հարցման արդյունքներին:

Ըստ նրա, այս համակարգում ներկայումս լուրջ բարեփոխումներ են ընթանում: Մինչեւ 2006թ փոփոխվելու են դպրոցական դասագրքերը: Բայց քանի որ, պարոն Մանուկյանի խոսքերով, ինքը Նաստրադամուսը չէ, ուստի չի կարող ասել` այդ դասագրքերը ավելի լավը կլինե՞ն, քան գործողները:

Հարցման մասնակից փորձագետների 22 տոկոսին անհանգստացրել է կրթական ծրագրերի բովանդակությունը, 34 տոկոսին` կաշառակերությունը: «Կոնկրետ մեզ հայտնի չէ կաշառակերության որեւէ դեպք դպրոցում»,- հայտարարեց Նուրիջան Մանուկյանը:

Աշակերտներից գումարները հավաքելը, նրա ասելով, դրամահավաքություն է եւ թույլատրվում է տնօրենններին` դպրոցի պահպանման համար: Պարզապես այդ, ԿԳ նախարարության պաշտոնյայի ասելով, պարտադրանքով չպետք է արվի: