ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԱԼԱՆՔԻ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ
Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը հունվարի 24-ից կալանքի տակ է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազգային թշնամանք հարուցելու համար, ընդ որում` հանցանքը նա կատարել է հրապարակայնորեն` լրատվության միջոցներ օգտագործելով:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում, բայց եթե խոսքն արդեն հրապարակված հայտարարությունների մասին է, բացարձակապես չի հասկացվում, թե ինչ իմաստ ունի խափանման միջոցը կալանք ընտրելը: Հիշեցնենք, որ խափանման միջոցի ընտրությունը քրդատօրենսգիրքը թույլատրում է միայն այն դեպքում` «եթե մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, կարող է կատարել քրեական օրենքով արգելված արարք, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից»: Մինչդեռ Ա.Ավետիսյանի դեպքում այս բոլոր կետերը բացակայում են, ավելին` նրա համար երաշխավոր են կանգնել 11 պատգամավորներ (հիմնականում` ընդդիմադիր), հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ (Արամ Հարությունյանը, Վազգեն Սաֆարյանը, Գառնիկ Մարգարյանը, Հակոբ Սանասարյանը, Յուրա Պապյանը), մտավորականներ (Պարիս Հերունին, Լեւոն Անանյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Ռուբեն Հախվերդյանը, Գառնիկ Անանյանը): ԱԺ պատգամավորները երաշխավորել են, որ Ավետիսյանը պարտաճանաչ կներկայանա քննիչին, չի խուսափի քննությունից, նաեւ պատրաստակամություն են հայտնել նրա ազատության դիմաց գրավ վճարել, սակայն Երեւան քաղաքի դատախազը մերժել է նրանց միջնորդությունները: Վերաքննիչ դատարանն էլ մերժել է Ավետիսյանի պաշտպան Մելանյա Առուստամյանի բողոքները` կալանքը վերացնելու կապակցությամբ, այս շաբաթ հարցը կքննի նաեւ վճռաբեկ դատարանը, որից հետո պաշտպանը պատրաստվում է դիմել Եվրոդատարան: Եթե նկատեցիք` խոսակցությունն ընթանում է միայն Ավետիսյանին կալանքից ազատելու շուրջ, ոչ ոք չի խոսում բուն մեղադրանքի մասին: Երեկ եւս նրա պաշտպանը եւ կուսակցության փոխնախագահ Մառ Մարտիրոսյանը հիմնականում խոսում էին Ա.Ավետիսյանի կալանավորման մասին` նշելով, որ ապօրինի է: Պաշտպանի կարծիքով՝ կալանքը արդարացված կլիներ այն դեպքում, եթե Հայաստանում հակահրեական հզոր շարժում, ուստիեւ հակահրեական քարոզի մեջ մեղադրվող Ավետիսյանին կալանավորելու «սուր սոցիալական անհրաժեշտություն» լիներ: Սակայն Հայաստանում շուրջ 80 տարի ապրող հրեական համայնքը հազիվ 100 անդամ ունի: «Ի՞նչ թշնամանք կարող էր սերմանել նրանց նկատմամբ Արմեն Ավետիսյանը»,- հարցնում էր պաշտպանը եւ համոզված պնդում, որ նման մեղադրանքով որեւէ այլ անձի չէին կալանի, կալանքի պատճառը Ա.Ավետիսյանի անձի մեջ է: Մ.Մարտիրոսյանի կարծիքով՝ կալանքի պատճառը բոլորովին էլ «հայտնի ցուցակը» (գեյ պաշտոնյաների) չէ` լրագրողներն ուռճացրել են այդ թեման. սա քաղաքական հետապնդում է, որը կապված է Ավետիսյանի մղած ազգային պայքարի, նաեւ` անհատական սոցիալական քարտերի մասով պայքարի հետ: Սակայն քիչ անց Մարտիրոսյանը հերքեց իր իսկ ասածը` նշելով, որ եթե խափանման միջոցը չեն փոխում, ուրեմն՝ իրենք պահանջում են Ավետիսյանին Նուբարաշենի մեկուսարանից տեղափոխել անվտանգության ծառայությանը կից մեկուսարան, քանի որ Նուբարաշենում նրա հետ կարող են հաշվեհարդար տեսնել: Ընդ որում, մեզ հասած տեղեկություններով, մեկուսարանում վերջերս տեղի ունեցած միջադեպը եւս կապված է նշանավոր ցուցակի հետ, ասում են` Արմեն Ավետիսյանին փորձել են տեղափոխել այն խուցը, որտեղ պահում են հոմոսեքսուալիստներին: Ինչեւէ, ակնհայտ է, որ աղմուկի մեջ գրեթե մոռացվել է բուն մեղադրանքը: Մենք փորձեցինք ճշտել, թե վերջապես ինչում է մեղադրվում Հայ արիական միաբանության ղեկավարը: Պարզվեց` նրա մեղադրանքի հիմքում դրվել են «Հայկական ժամանակ», «Առավոտ», «Իրավունք» թերթերում հրապարակված հոդվածները, «ԱՐ» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարում արտահայտած մտքերը: Օրինակ, մեր թերթի 2003թ. հոկտեմբերի 10-ի համարում տպագրված է նրա հետեւյալ միտքը. «Հայոց ցեղասպանության կազմակերպիչները սիոնիստներն են՝ հրեաները: Մեր ցեղասպանության համար պատասխանատու են հրեաները»: Հոդվածագիրը նշել է, որ «Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատերազմ է հայտարարել ջհուդամասոնական ագրեսիային, քանի որ «Հրեաները ցանկանում են հայերին հեռացնել հայկական լեռնաշխարհից»»: Ի դեպ, քննության ընթացքում փոխվել է Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը` հրեաների նկատմամբ թշնամանք սերմանելուն ավելացրել են նաեւ քրդերի նկատմամբ թշնամանքը: Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ փաստաբան Առուստամյանը միայն ասաց, որ փաստորեն Ա.Ավետիսյանը հալածանքների է ենթարկվում սեփական կարծիք հայտնելու, գաղափարներ տարածելու համար, մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերոնշյալ դրույթներն առաջնային են եւ չեն կարող ստորադասվել մյուս դրույթներին:
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
