ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանդիպում Օմբուդսմենի գրասենյակում
Փետրվարի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացավ հանդիպում Շվեդիայի Միջազգային համագործակցության զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ (Sida):
Շվեդական պատվիրակության կազմում, որը Երեւան է ժամանել Հարավային Կովկասի տարածաշրջանում գործողությունների ռազմավարական ծրագրի մշակման շրջանակներում, ընդգրկված են Ռուսաստանում Շվեդիայի դեսպանատան խորհրդականն ու մշակույթի կցորդը, գործակալության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրենն ու աշխատակիցները, Հարավային Կովկասում իրագործվող ծրագրերի համակարգողը:
Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեցին Հայաստանի Օմբուդսմենի գործունեությունը եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ընդհանուր առմամբ: Գործակալության ներկայացուցիչներին առավել հետաքրքրեց ՀՀ մարզերում Պաշտպանի ներկայացուցչություններ բացելու հեռանկարը: Աշխատակազմի ներկայացուցիչները շվեդ հյուրերի խնդրանքով ներկայացրին նաեւ իրենց գործունեության հետ կապված առավել հրատապ խնդիրները, այն է՝ տեխնիկական ապահովում եւ աշխատակիցների մասնագիտական կատարելագործում, մարդու իրավունքների եւ Պաշտպանի գործունեության մասին բնակչության լայն խավերի իրազեկման մակարդակի բարձրացում:
Գործակալության ներկայացուցիչները հայտնեցին, որ այցի նպատակն է ծանոթանալ իրավիճակին եւ պարզել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հիմնական ուղղությունները: Նրանք ցանկություն արտահայտեցին այդ աջակցությունը ցուցաբերել աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի շրջանակներում:
