ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ԵՐԵՎԱՆՑԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մի քանի տարի անց, երբ ուզենք պատմել, որ Երեւանը առնվազն երկու երկու դարի պատմություն ունի, պարզապես չենք կարողանալու: Երեւանը կորցնում է իր միջավայրը, բուն երեւանյան տրամադրությունը՝ այս մտավախությամբ Բյուզանդի 11 հասցեում մի խումբ երեւանցիներ, Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը եւ լուսանկարիչ Հայկ Բիանջյանը կազմակերպել էին «SOS-փրկենք Երեւանը» ակցիա-ցուցահանդես:
Նկարչուհի Սաթենիկ Դավթյանի ընտանիքը արդեն 70 տարի ապրում է Բյուզանդի 11 հասցեում: Նրան եւ այս հասցեում ապրող մոտ 14 ընտանիքների վտարում են տնից: Ըստ Սաթենիկ Դավթյանի, 200 քառ մետր տարածքի համար իրենց առաջարկել են ընդամենը 14000 դոլար: Բնակիչներն ասում են, որ այստեղ բարձրահարկ էլիտար շենք են կառուցելու: «Ինչո՞վ մենք էլիտա չենք»,- հարցնում էին բնակիչները: «Սահմանադրությամբ ես ունեմ սեփականության անձեռնմխելիության իրավունք: Իսկ հիմա հուշարձաններն են վերացնում, հետն էլ ժողովրդին»,- ասաց Բյուզանդի 25 հասցեի բնակիչ Տատյանա Զարիկյանցը:
Բնակիչներն ասում են, որ իրենք դատարանում փորձել են վիճարկել այս խնդիրը, բայց հայցը դատարանը չի ընդունել: Հակառակ սրա, դատարանը ընդունել է «Գլխավոր պողոտա» ծրագրի իրականացման գրասենյակի հայցն ընդդեմ բնակիչների: «Ես 7500 դոլարով ինչպե՞ս բնակարան գնեմ»,- հարցնում էր Բյուզանդի 17 հասցեի բնակիչ Սուսաննա Սարգսյանը, որին վտարելու որոշում է դատարանը կայացրել: Ի դեպ, հարկադիր կատարողները պարբերաբար այցի են գալիս բնակիչներին, եւ, ըստ վերջիններիս, ծաղրում իրենց, բռնություն կիրառում իրենց նկատմամբ: Մեկ այլ բնակչի՝ բնիկ երեւանցի Սեդրակ Բաղդասարյանի ասելով, այս ամենը բխում է նրանից, որ մեր ղեկավարները երեւանցիներ չեն:
«Եթե նախագահը, որին վստահել -ընտրել ենք, սահմանադրության գարանտը չի եւ ժողովրդի մասին չի ուզում մտածել, ես, ներողություն, թքած ունեմ այդպիսի նախագահի վրա»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը, որին միացան մյուս բնակիչները:
Բյուզանդի փողոցի տների վտարվող բնակիչներն ասում էին, որ իրենք տներից դուրս չեն գալու, իսկ առաջիկայում բողոքի ցույց են կազմակերպելու:
