ՍԵՎԱՆՈՒՄ ՈւՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ են ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Սեւան քաղաքում այսուհետ լրջորեն հետամուտ են լինելու Մարդու Իրավունքների պաշտպանությանը: Այդ նպատակով քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Մարդու իրավունքների գրադարանի բացում:

Սեւանի Մարդու իրավունքների գրադարանը Հայաստանի Սահմանադրական Իրավապաշտպան Կենտրոնի Մարդու իրավունքների գրադարանային ցանցի թվով վեցերորդ գրադարանն է: Մարդու իրավունքների գրադարաններ են գործում նաեւ Վանաձորում, Դիլիջանում, Հրազդանում, Արտաշատում եւ Գավառում:

Նորաստեղծ գրադարանն ունի ընթերցասրահ, վերազինված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով եւ գույքով:

Գրադարանում ընթերցողների համար մատչելի է նաեւ ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական համակարգը, որտեղ էլեկտրոնային տարբերակով առկա են հանրապետության ամբողջ օրենսդրական ակտերը, օրենքները եւ պետական մարմինների ընդունած իրավական ակտերը:

Ներկայումս գրադարանային ցանցն ունի մոտ 3600 անուն, ավելի քան 15000 կտոր գրականություն: