ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ավտոտեխսպասարկում 17 Ամյա Այգիների Փոխարեն
“Այս ծառերը կտրում են, թող կտրեն, միայն գոնե մեկը թողնեն, որ կտրելուց հետո մենք գանք, կախվենք”, - այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին Երեւան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի151/1, 151/3 եւ 151/4 շենքերի բնակիչները:
Ամեն ինչ կրկնվում է, դեռ չլուծված Սեբաստիա Կուրղինյան փողոցին հարող հողատարածքների հարցը, հիմա էլ նույն բախտին է արժանացել Զաքարիա Սարկավագի փողոցին հարող հողատարածքները: Այսինքն՝ ինչպես հողատեր Սուրեն Եղիյանն է պատմում, իրենց շենքին մոտ ոչ մի զբոսայգի կամ երեխաների զբաղեցնելու տեղ չեն ունեցել, այդ պատճառով ստիպված իրենց ուժերով տեխնիկա են բերել, հսկայական քանակությամբ քարեր են հավաքել, սեւահող են լցրել, ծառեր տնկել ու կանոնավոր մշակել այս տարածքը:
Երկու տարի առաջ շենքի բնակիչները դիմել են Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան` իրենց կողմից ստեղծված 17 տարվա այգիները սեփականաշնորհելու խնդրանքով: Վերջինս էլ դիմել է քաղաքապետարան, որը խոստացել է անդրադառնալ այդ հարցին նշված տարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքներից հետո: Սակայն առանց քաղաքացիներին տեղյակ պահելու քաղաքապետարանը հողատարածքը աճուրդով վաճառել է “Տիգրան” ՍՊԸ-ին ավտոտեխսպասարկման համալիր կառուցելու համար: Ցուցարարներն այսօր նշում էին, որ վերոնշյալ ՍՊԸ-ն պատկանում է պատգամավորներից մեկին:
Շենքի բնակիչները դիմել են առաջին ատյանի դատարան, որտեղ դատը շահել են, սակայն քաղաքապետարանը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը բավարարվել է քաղաքապետարանի հայցը: Այժմ այգիների փաստացի տերերը որոշել են Վճռաբեկ դիմել, եթե դա էլ չբավարարվի, կդիմեն մինչեւ Եվրոդատարան: Բացի այդ, նրանք նաեւ դիմել են Ազգային ժողով, նախագահի նստավայր, բայց մինչ օրս ապարդյուն:
Ի դեպ, նշենք, որ թվով 13 հասարակական կազմակերպություններ, ինչպես օրինակ □Հույսը□, “Միջնաբերդը”, “Հոգեւոր Հայաստանը”, “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն” եւ այլն, Բաց նամակ են ուղելու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանին` խնդրելով, որ չշարունակեն խախտել ՀՀ քաղաքացիների իրավունքները, չշարունակեն հողամասերը օտարվել կամ վարձակալության տրամադրվել փակ աճուրդների եւ մրցույթների միջոցով:
