ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նորակառույց ճանապարհը ոչնչացնելու է անտառը
Այսօր էկոլոգիական հասարակական դաշինքը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի մոտ կազմակերպել էր բողոքի ակցիա ՝ Շիկահողի արգելոցի տարածքով մայրուղու շինարարության նախագծի դեմ: Տվյալ նախագիծը չի ստացել պարտադիր Պետական Բնապահպանական Փորձաքննության եզրակացություն, սակայն շինարարության նախագիծն արդեն ուղարկվել է ՀՀ Նախագահին հաստատման համար եւ արգելոցի տարածքում կուտակվել է համապատասխան տեխնիկա՝ աշխատանքները սկսելու նպատակով:
Կապան-Ծավ-Մեղրի նոր անցկացվող ճանապարհի մի հատված անցնում է Շիկահողի պետական արգելոցի տարածքով, որն ընդգրկում է Մթնաձորի տեղամասը: Մթնաձորի անտառը միակն է Հայաստանում, որում հատումներ չեն եղել: Այն միակ պահպանված կաղնու անտառն է, այստեղ ապրում են 5-7 պարսկական հովազներ, ինչը Հայաստանում պահպանված միակ կենդանատեսակն է:
Ակցիային մասնակցող □Էկոտուրիզմ□ էկոլոգիական հասարակական կազմակերպության հախագահ Ժաննա Գալյանի խոսքերով, ճանապարհի կառուցման պարագայում ոչնչացման են ենթակա ավելի քան 5000 խորանարդ մետր ծառահատված:
ՀՀ Բնապահպանության նախարարության նախկին նախարար Կարինե Դանիելյանի համոզմամբ, տվյալ նախագծի նպատակը ոչ միայն ռազմավարական ճանապարհի շինարարությունն է, այլեւ կաղնու անտառի հատումը եւ փայտանյութի վաճառքը. "Արդյունքում հսկայական անտառային զանգվածի անպատիժ ոչնչացման ճանապարհով մեր իշխանությունները միլիոնավոր եկամուտներ կստանան":
Ակցիայի մասնակիցներին ընդունեց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նախարարը խոստացավ,որ մայիսի 30-ին մի քանի փորձագետներ կայցելեն Շիկահողի արգելոցը եւ եթե լինեն հարցի լուծման այլընտրանքային տարբերակներ, ապա դրանք կքննարվեն:
