ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի բնապահպանությունը պայթյունավտանգ վիճակում է
“Հայաստանի անտառներ” հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Աֆրիկյանի համոզմամբ, Շիկահողի պետական արգելոցով դեպի Իրան ճանապարհի կառուցումը ռազմավարական եւ բնպահպանական առումով մեծ վտանգ է ներկայացնում:
Նրա խոսքերով, այդ ճանապարհը ադրբեջանական հրանոթների համար թիրախ է լինելու, իսկ ինչ վերաբերում է բնապահպանական վնասին, ապա հատվելու են ոչ միայն 26 000 հասուն եւ 117 000 մատղաշ ծառեր, այլ նաեւ վերանալու են 70 տեսակի բույսեր, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Պարոն Աֆրիկյանի խոսքերով, այս հարցի վերաբերյալ կան այլընտրանքային լուծումներ, օրինակ` կարելի է ճանապարհը կառուցել Շիկահողի արգելոցի մոտ գտվող Շիշկերտ գյուղով. ”Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ, օրինակ եթե ճանապարհը անց կացվի Շիշկերտ գյուղով, ապա անտառը գրեթե չի վնասվի”:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ □Հանուն կայուն զարգացման□ ասոցիացիայի եւ “Էկոլոգիական ակադեմիա” հասարակական կազմակերպությունների կողմից հրատարակված էկոլոգիական հիմնախնդիրներին նվիրված գրքերի շնորհանդեսը: “Հանուն կայուն զարգացման” ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով, բնապահպանական հարցերին վերաբերող գրքերի հրատարակումը կօգնի բնակչության իրազեկման հարցում. ”Մեր բնակչությունը պետք է տեղյակ լինի, որ բնությանը վնաս տալը վտանգ է ներկայացնում մեր գենոֆոնդի համար”:
Տիկին Դանիելյանը խոսեց Շիկահողի արգելոցի խնդրի մասին: Ըստ նրա, վերջին ժամանակներում Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում բարձրացնում է այն հարցը, թե Հայաստանը բնապահպանական առումով Անդրկովկասի համար սարսափելի վտանգ է ներկայացնում. “Այն քանակությամբ անտառները, որոնք հատվում են մեզ մոտ, իսկապես կարող են փայթունավտանգ լինել ոչ միայն մեզ համար, այլ նաեւ մեր հարեւանների համար”:
