ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չինովնիկը կդատվի, եթե քաղաքացուց փաստաթուղթ թաքցնի
Այսօր ՀՀ իրավական կառույցների երկու փոխնախարար "Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոնի" (ԱԳՄԱԿ) նախաձեռնությամբ լրագրողներին ներկայացրեցին, թե ինչ են մտածում պետական մարմինների գործունեության թափանցիկության եւ տեղեկատվական մատչելիության մասին։
Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը կարեւորեց քաղաքացիների իրավունքների իրազեկման խնդիրը։ Իսկ իրավունքի պաշտպանությունն, ըստ նրա, սկսվում է համապատասխան փաստաթուղթ տրամադրելուց։ Մշակված է եւ գործում է "Վարչարարության եւ վարչական հիմունքների մասին" ՀՀ օրենք, որով "պետական մարմնի պարտականությունն է համարվում քաղաքացուն փաստաթուղթ տրամադրելը"։
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի, այդ փաստաթուղթը չտալու համար չինովնիկին պատասխանատվության ենթարկելը խնդրի լուծում չէ։ □Քանի դեռ մենք չունենք վարչական դատավարություն եւ վարչական դատարաններ, այս խնդիրը լուծել չենք կարող□,-ասաց պարոն Դանիելյանը։ Տիգրան Մուկուչյանն ավելացրեց, որ վարչական դատարանն այն ատյանն է, որտեղ ապացուցման պարտականությունը ոչ թե քաղաքացու վրա է, այլ՝ չինովնիկի։
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՄ Է "ՉԱՓԱԶԱՆՑ ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ" ԵԹԵՐԻՆ
Իրավական ոլորտի երկու փոխնախարարից այսօր հետաքրքրվեցինք՝ բավարարու՞մ է նրանց հայկական եթերն իրենց ոլորտի մասով։ □Այն չափազանց քրեականացված է։ Քրեականացված կադրեր ցույց տալով մենք բռնություններ ենք քարոզում□,-այսօր ԱԳՄԱԿ նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՅԴ անդամ Գեւորգ Դանիելյանը։
Վերջինս այնուամենայնիվ ավելացրեց. "Ինձ եթերը բավարարում է"։ ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանին հարցրեցինք՝ եղե՞լ է դեպք, երբ իր ոլորտի մասով որեւէ տեղեկատվություն առաջինը իմացել է հեռուստաեթերից։ Նա նման դեպք չհիշեց։ Եվ ասաց. "Եթե դու սպասարկում ես ոլորտը ու իրազեկվում ես մամուլից, էդ ոլորտում անելիք չունես□։ Նրան նույնպես բավարարում է հեռուստատեղեկատվության □էն դաշտը, որ էսօր առկա է"։
ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ "ԻՐԱՐ ՄԻՍ ԵՆ ՈՒՏՈՒՄ"
"Դատարանները երբեմն կայացնում են ապօրինի վճիռներ",-այսօր այսպիսի հայտարարություն արեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը ԱԳՄԱԿ նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ։ ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը, որը նրա կողքն էր նստած, չհամաձայնեց դատախազի տեղակալի հետ։ Հայտարարության առնչությամբ նա ասաց. "Դա չի նպաստում մեր երկրում նորմալ իրավակիրառությանը, իրավական մշակույթին"։
Պարոն Դանիելյանը ՀՀ արդարադատության փոխնախարարին կոչ արեց չներկայացնել դատարանների շահերը, քանի որ դրանք նույնը չեն։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ինքը նկատի ունի ոչ թե օրինական ուժի մեջ մտած վճիռները, այլ՝ բեկանված։ "Չպետք է դրանից վիրավորվել",-Տիգրան Մուկուչյանին կոչ արեց նա։ Պարոն Մուկուչյանը չնահանջեց. "Ես տիրապետում եմ իշխանությունների տարանջատման սկզբունքին, համալսարան ավարտել եմ"։
Այնուհետեւ մանրամասնեց, որ եթե դատարանի վճիրը բեկանվում է, չի նշանակում, որ այն ապօրինի է եղել։ "Դրա համար հնարել են ատյանային դատարաններ",-մասնավորեցրեց ՀՀ արդարադատության փոխնախարարը։ Գեւորգ Դանիելյանն անզիջում էր։ "Եթե ապօրինի վճիռներ չեն լինում, ինչու՞ է Սահմանադրության մեջ գրված 103 հոդվածը",-ասաց նա։ Սրանով նրանց վեճն ավարտվեց, քանի որ այն վերածվում էր տեսական թեժ բանավեճի։
