Ռայսը կարեւորել է սահմանադրական բարեփոխումների ընթացքը Հայաստանում

Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ քննարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա վճռորոշ հանդիպումը:

"Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Կոնդոլիզա Ռայսը նաեւ կարեւորել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում", - "Ազատություն" ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ Կազան մեկնելուց առաջ:

"Ասոշիեյթեդ Փրես" գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոնդոլիզա Ռայսը նշել է, թե "մեծապես կարեւորում է շաբաթ օրը Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը":

Նա նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահները կգնան փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

"Պետքարտուղարը նաեւ հայտնել է Հայաստանի նախագահին, թե հույս ունի, որ Հայաստանը առաջընթաց կարձանագրի ներկայումս խորհրդարանում գտնվող սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունման գործում", - ասված է պետքարտուղարության հաղորդագրությունում:

Կարինե Քալանթարյան