ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
"Բյուզանդական" պատերազմը շարունակվում է
Այն անցել է ինքնասպանությունների փուլ

Երկու օր առաջ Բուզանդի 23-ում ապրող 65-ամյա Մուրադյան Անժետան, տնից վտարվելուց
առաջ, իր տան տանիքից ցած նետվելու փորձ արեց: Նրան կանխեցին ոստիկաններն ու
"կարմիր բերետավորները": Սակայն տիկինը ստացել է մարմնական վնասվածքներ: Նույնպիսի
վնասվածքներ են ստացել Բուզանդի 23-ի մյուս բնակիչները, բոլորն էլ՝ այդ հասցեի միակ
չվտարված նույն ընտանիքից: Ընտանիքում ապրում է 12 մարդ:
Տիկին Անժետան պահանջել է քաղաքապետի, վարչապետի ու տարածքն իրացնող ԾԻԳ-ի ղեկավարի
ներկայությունը, որովհետեւ իր տան չափագրման ժամանակ թույլ են տրվել
անճշտություններ՝ 6 մետրի տարբերությամբ: Դա ընդունել են չափագրողները, բայց չի
ընդունում տարածքի նոր սեփականատեր "Գրիար" ՓԲԸ-ն ու շտապել է քանդել տունը, թեպետ
գործը դեռեւս դատական քննության մեջ է: Օրինական գրանցում ունեցող շուրջ 100 քմ-ի
դիմաց "Գրիարը" առաջարկել է 33 հազար դոլար՝ ներառյալ բանկային տոկոսներն ու
եկամտահարկը, բայց դա էլ չի տվել: "Մեզ փող պետք չէ, տուն եք վերցնում մեզանից,
տուն տվեք՝ կհեռանանք",- ընտանիքի այս առաջարկին համաձայն են քանդման ենթակա մնացած
տների բնակիչները: Բայց լսող չկա:
Երեկ առավոտից բնակիչները ստիպված "բարիկադներով" շրջափակել էին փողոցը:
Երկկողմանի բարիկադներով շրջափակված են ոչ միայն Բուզանդի 23-ը, այլեւ հարեւան
բակերի հարակից հատվածները: Ի դեպ, Բուզանդի 15-ում, որտեղ դեռեւս ապրում է 8
ընտանիք, տեղահանումը նախատեսված է երկուշաբթի առավոտյան:
Թողած աշխատանք եւ ուսում՝ "բուզանդացիները" զօր ու գիշեր հերթապահում են
"բարիկադների" մոտ: Նրանք լսել են քաղաքապետի կարգադրությունը՝ մինչեւ ամսի 10-ը
տարածքը "մաքրել" բնակիչներից, եւ մտադիր են փողոցում մնալ մինչ այդ օրը ու ավելին:
Մուրադյանների ընտանիքը ողջ գիշեր անց է կացրել նախորդ օրվա "քանդուքարափից" հետո
տնից մնացած բեկորի՝ կիսափլված տանիքի տակ: 12 հոգանոց ընտանիքը, որի կազմում կան
փոքրիկներ, դպրոցահասակներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ՝ թոշակառու տիկին Անժետան,
այժմ ապրելու տեղ չունի: Երեխաներին ժամանակավորապես պատսպարում են հարեւանները,
որոնց տները նույնպես քանդման տակ են:
Այս փլատակները արդեն մի քանի ամիս է, ինչ կան ու չեն քանդվում: Այստեղ ապրողներից
շատերը դեռ պատահական տներում են գիշերում, թեպետ մինչ այսօր կարող էին մնալ իրենց
տներում:
