ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նամակները ՀՀ Նախագահին և Դատարանների խորհրդի նախագահին
Ովքե՞ր են "այլ անձինք":
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նամակներ է հղել ՀՀ Նախագահին և Դատարանների
խորհրդի նախագահին, որտեղ անդրադարձել է Երևանի կառուցապատման ծրագրերով
քաղաքացիներից անշարժ գույքը հարկադիր վերցնելու վերաբերյալ մի շարք դատական
վճիռների, որոնցով սեփականատերերը պարտավորեցվում են պայմանագիր կնքել իրացնողի հետ
վերջինիս առաջարկած գումարով: Նույն վճիռներով սահմանվում է հարկադիր կարգով տվյալ
հասցեից վտարել սեփականատիրոջը, անվանական թվարկված անձանց, "ինչպես նաև տարածքն
զբաղեցնող այլ անձանց":
Չանդրադառնալով այն խնդիրներին, որոնք վերաբերում են սեփականատիրոջը, օգտագործողին
պայմանագիր կնքել հարկադրելուն, նրան և որոշակի անձանց տարածքից վտարելուն և
վտարման ընթացքում կիրառվող մեթոդներին, Պաշտպանը հատկապես կարևորել է այն, որ նման
վճիռներով նախատեսվում է վտարել նաև անձանց, որոնք ոչ միայն գործի դատաքննությանը
մասնակից չեն դարձված, այլ նույնիսկ նրանց ով լինելը հայտնի չի եղել դատարանին:
Դատարանը, գտնելով, որ պետք է վտարվեն նաև տարածքը զբաղեցնող "այլ" անձինք, ոչ մի
տեղ չի նշում, թե այդ ովքեր են, որ իրավազուրկ են, չեն օգտվում դատական
պաշտպանության իրավունքից, և որոնց` գործի դատաքննությանը մասնակից դարձնելը
պարտադիր չի համարվում:
Այսպես օրինակ, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 29.09.05թ.
տրված կատարողական թերթով Բուզանդի փողոցի թիվ 23 հասցեից 01.05.05թ. վտարվել են
սեփականատերեր Էդվարդ, Ռուդոլֆ, Անժելա Մուրադյանները, Սերգեյ, Մագդալինա և Նելլի
Ասոյանները, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ունեցող և 2003 թվականից տվյալ
հասցեում հաշվառված Էմմա Աղաջանյանն ու նրա երկու անչափահաս երեխաները, որպես "այլ
անձինք":
Է. Աղաջանյանը դատաքննության մասնակից չի դարձվել, դատարանի վճռում նրա անունն
ընդհանրապես չի նշված և նրա մասին ոչինչ չի ասված, սակայն հարկադիր կատարողը`
ֆիզիկական ուժ գործադրելով, նրան ու երեխաներին վտարել է որպես "այլ անձինք":
Նման վճիռը եզակի չէ, և որքան էլ տարօրինակ է, վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողնում
"տարածքը զբաղեցնող այլ անձանց" վտարելու մասին վճիռները, այն դեպքում, երբ
համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի
3-րդ ենթակետի՝ բոլոր դեպքերում վճիռը ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է
կայացրել գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Պաշտպանն առաջարկել է, որպեսզի Դատարանների նախագահների խորհուրդը հատուկ քննարկման
առարկա դարձնի այս հարցը և գնահատական տա նման վճիռներին:
7.09.05
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
