Ընտրացուցակներում դեռեւս շատ են անճշտությունները

"Ընտրությունը քոնն է" հասարակական կազմակերպությունը, որը 1997 թվականից
դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրությունների ընթացքում, օգոստոս ամսից
արդեն հետեւում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) նախընտրական փուլին:
Արձանագրված թերությունները կազմակերպությանը հիմք են տվել եզրակացնելու, որ դրանք
լրջորեն ազդելու են ընտրությունների արդյունքների վրա:



Սեպտեմեբրի 18-25-ը համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ են
տեղի ունենալու մայրաքաղաքի 5 համայնքներում` Էրեբունի, Քանաքեռ- Զեյթուն,
Նուբարաշեն, Կենտրոն եւ Արաբկիր: Բոլոր համայնքներում գլխավոր խնդիրը
ընտրացուցակների անճշտություններ են: Մի խնդիր, որը Հայաստանի իշխանությունները
տարիներ շարունակ չեն կարողանում կամ պարզապես չեն ցանկանում լուծել:



"Ընտրությունը քոնն է" կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է,
որ 10 եւ անգամ 20 տարի առաջ մահացած մարդկանց անունները ընտրացուցակներում կան,
իսկ նույն շենքում բնակվող անձանց անունները բացակայում են: Որոշ հայանքներում,
օրինակ՝ Նոր Նորքում, շենքերի բնակիչների մի մասի անունները բացակայում են
ընտրացուցակներից, փոխարենը դրանցում ընդգրկված են տվյալ հասցեներում գնանցում
չունեցող մարդկանց անուններ:



Արձանագրվել են դեպքեր, երբ միայն մեկ շենքի ընտրացուցակում հայտնաբերվել է 14
անճշտություն:



Դիտորդական առաքեւլություն իրականացնող կազմակերպութան ղեկավար Հարություն
Համբարձումյանը համոզված է, որ այս անճշտություններն ուղղակիորեն կազդեն ՏԻՄ
ընտրությունների արդյունքների վրա:



"Շատ մարդիկ, ովքեր տեսնում են, որ իրենց անունը ընտրացուցակում չկա, չեն գնում
դատարան", - հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց Համբարձումյանը: -
"Պատկերացրեք, թե ինչքան նման մարդիկ կլինեն եւ ինչքան մարդ չի գնա քվեարկության":



Դիտարկմանը, թե գուցե այդ ցուցակները միտումնավոր կերպով չեն ուղղվում՝
ընտրակեղծիքների որոշակի մասն ապահվելու համար, Համբարձումյանը արձագանքեց. -
"Ավելի շատ անփութություն, ոչ մի պատասխանատվության զգացում, եւ նաեւ
դիտավորություն":



Տեղին է նշել, թերեւս, որ ընտրացուցակները կարգի բերելը ոստիկանության անձնագրային
վարչության լիազորությունն է:



Հարություն Համարձումյանի խոսքերով, եթե սահմանադրական հանրաքվեն օգոստոսին
անցկացվի ներկա ընտրացուցակներով, ապա դրանց արդյունքները կարելի է կասկածի տակ
դնել:



"Տեղական այս ընտրությունները անգամ իրավունք չունեն այս ընտրացուցակներով
անցկացնել", - ասաց նա: - "Խայտառակ ընտրացուցակներ են... Ի՞նչ հանրաքվե":



Անդրադառնալով ընտրակաշառքների հարցին, Համբարձումյանը ասաց, որ ընտրակաշառքներ
եղել են բոլոր ընտրությունների ընթացքում, թեեւ ընդունեց, որ շատ դժվար է դա
ապացուցել:



Ռուզաննա Ստեփանյան