Օմբուդսմանին մտահոգում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բնակչության անտեղյակ լինելը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատրաստվում է մոտ օրերս
հանդիպումներ ունենալ Ազգային ժողովի և նրա մշտական հանձնաժողովների,
պատգամավորական խմբակցությունների ու խմբերի ղեկավարների հետ: Նրա առաջարկով,
քննարկումները կապված կլինեն օրենսդրական փոփոխությունների և սահմանադրական
բարեփոխումների գործընթացի հետ:

Պաշտպանը մտահոգված է պատրաստվող սահմանադրական փոփոխությունների մասին հանրության
իրազեկությանն ուղղված գործունեության ոչ բավարար լինելու փաստով: Օմբուդսմանի
կարծիքով, նույնիսկ հասարակության առավել ակտիվ մասը անտեղյակ է սահմանադրական
բարեփոխումներին հասարակական լայն քննարկումների չմասնակցելու հետևանքով՝
վերջիններիս բացակայության պատճառով:

Մտահոգություն է առաջացնում նաև այն փաստը, որ մինչ օրս հայտնի չէ այն պետական
կառույցը, որի վրա դրված են հանրային իրազեկման քարոզարշավի անցկացման
պարտականություններն ու պատասխանատվությունը:

Հաշվի առնելով, որ մինչ հանրաքվեի անցկացման նախնական ժամկետը քիչ ժամանակ է
մնացել, ըստ Լ. Ալավերդյանի` անհրաժեշտ է օր առաջ սկսել հանրային իրազեկմանն
ուղղված լայնածավալ քարոզարշավ՝ սպասվող սահմանադրական փոփոխությունների
բովանդակությանը բնակչությանը ծանոթացնելու նպատակով: Հակառակ դեպքում, ՀՀ
քաղաքացիների անբավարար ակտիվությունը կարող է բացասաբար անդրադառնալ հանրաքվեի
անցկացման արդյունքների վրա: