"Ընտրությունը քոնն է" հասարակական կազմակերպության Մամլո հաղորդագրություն

2005թ. սեպտեմբերի 25-ին`
Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում
իրականացրած տեղական դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ

27 սեպտեմբերի, 2005թ.

Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքներում ՏԻՄ ընտրությունները նախորդ փուլի (սեպտեմբերի
18-ին կայացած) համեմատ առավել հանգիստ, խաղաղ ընթացք ունեցան:

Ընտրողների համեմատաբար պակաս ակտիվությունը, կազմակերպության գնահատմամբ,
քվեատուների հիասթափության, իրենց ձայնի կարևորությունը չգնահատելու,
ընտրություններից` հասարակության կողմից լուրջ ակնկալիքների բացակայության հետևանք
են:

Չնայած ընտրությունների օրվա համեմատաբար խաղաղ մթնոլորտին, նախընտրական շրջանում
տեղ գտած թերությունները, ընտրակարգի խախտումները, ընտրացուցակների
անճշտությունները հարցականի տակ են դնում ընտրագործընթացների անաղարտության
աստիճանը:

Վերոհիշյալ թերությունների հաղթահարման դեպքում է միայն հնարավոր ընտրական
գործընթացների հանդեպ ընտրողների վստահության աճը, երբ մեզանում առկա լոկ
քվեարկությունը կվերաճի իրոք ազատ, անկաշկանդ, համոզմունքներից բխող
կամարտահայտության:

Լինելով ՀՀ քաղաքացիներ` ԸՔ հկ անկողմնակալ դիտորդները խորապես գիտակցում են
ընտրագործընթացի բարեփոխման և իրապես ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների
կայացման անհրաժեշտությունը, առանց որոնց անհնար է մեր երկրի ժողովրդավարական
ապագան:

ԸՔ հկ դիտորդները սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունները դիտարկել են թիվ Երևանի
Արաբկիր և Կենտրոն համայնքների 4 և 9 ընտրատարածքների բոլոր 101 ընտրատեղամասերում:
Դիտարկվել են ընտրական հանձնաժողովների գործողությունները, քվեակարգի պահպանումը,
տեղամասերի ներսում և դրսում տիրող մթնոլորտը:

Արձանագրվել են հետևյալ մտահոգիչ փաստերը`

  • Ընտրողների ցուցակներում դարձյալ հայտնաբերվող անճշտությունները
  • Քվեարկության գաղտնիության սկզբունքի համատարած խախտումը
  • Ընտրակարգի խախտումները
  • Դիտորդների իրավունքների սահմանափակումները
  • Վստահված անձանց իրավունքների չարաշահումը
  • Տեղամասային կենտրոնների անհարմարությունները
  • Ընտրական օրենսդրության` նախընտրական քարոզչությանը վերաբերող` դրույթների
    խախտումները:
  • Անօրինական քարոզչության դեպքերը:

ԸՔ հկ-ն, իր մտահոգությունը հայտնելով դիտարկված թերությունների վերաբերյալ,
առաջարկում է`

  • Ընտրողների վերջնական ցուցակների ճշգրտության համար պատասխանատու լիազոր մարմնի
    ստորաբաժանումների կողմից ժամանակին և հնարավորինս որակով ճշգրտել ընտրացուցակները՝
    ՏԻՄ ընտրությունների հետագա փուլերում քվեատուների ընտրելու իրավունքը պահպանելու և
    ընտրախախտումները բացառելու նպատակով:
  • "ՀՀ ընտրական օրենսգրքի" համապատասխան բարեփոխմամբ բացառել քվեարկված
    քվեաթերթիկներն ընտրական հանձնաժողովների կողմից դիտարկելու և, այսպիսով,
    ընտրողների կամքի վրա ներազդելու ամեն մի հնարավորություն: Վերանայել հատկապես "ԸՕ"
    այն դրույթը, որով սահմանվում է, որ քվեաթերթիկը պետք է կնքվի՝ նրանում ընտրողի
    կողմից նշագրում կատարելուց հետո:
  • Նախընտրական քարոզչության՝"ԸՕ"-ով սահմանած կարգի խախտումները բացառելու համար՝
    ԿԸՀ-ի և ԸԸՀ-ների կողմից խստացնել վերահսկողությունը իրավասու անձանց հանդեպ:
    Պաշտոնական քարոզարշավի ընթացքում` օրենքով սահմանված դրույթների պահանջները
    խախտողներին, ըստ ՀՀ օրենսդրության, ենթարկել պատասխանատվության:
  • Քվեարկության գաղտնիությունը ապահովելու նպատակով ԿԸՀ որոշմամբ սահմանել
    քվեախցերի նոր կառուցվածք:
  • ԿԸՀ սահմանած կարգով ՏԸՀ՝ կնքելու համար պատասխանատու անդամներին հրահանգել՝

    -մինչ քվեաթերթիկը կնքելը պարտադիր կերպով ստուգելով ընտրողի անձը հաստատող
    փաստաթուղթը` համոզվել ընտրողի՝ տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ:

    -քվեաթերթիկը կնքելիս պահպանել քվեարկության գաղտնիությունը՝ թույլ չտալով
    քվեարկության արդյունքների դիտարկում:

  • Թույլ չտալ վստահված անձանց և դիտորդների՝ ԸՕ-ով սահմանված իրավունքների
    խախտումները և սահմանափակումները:
  • Խստիվ արգելել կողմնակի անձանց երկարատև ներկայությունն ու անօրինական
    քարոզչությունը տեղամասային կենտրոններում:
  • Ընտրակարգի կոպիտ խախտումներ թույլ տված՝ ընտրական հանձնաժողովների անդամներին,
    վստահված անձանց, դիտորդներին և ընտրագործընթացներին մասնակցած այլ անձանց,
    համաձայն ՀՀ օրենսդրության, ենթարկել խիստ պատասխանատվության:
  • ԿԸՀ որոշմամբ` ընտրատեղամասային կենտրոնների տեղակայման վայրն ընտրելիս՝ հաշվի
    առնել ընտրագործընթացները լիարժեքորեն անցկացնելու համար նրանց
    համապատասխանությունն ու հարմարավետությունը:

"Ընտրությունը քոնն է" հասարակական կազմակերպությունը հայաստանյան ընտրությունները
դիտարկող ամենախոշոր կազմակերպությունն է: Այն ունի 4000 կամավորներ, կառույցներ`
հանրապետության 10 մարզերում եւ Երեւանի բոլոր համայնքներում: "Ընտրությունը քոնն
է" հկ առաքելությունն է նպաստել Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրությունների
կայացմանն ու ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, տեղական ինքնակառավարման
համակարգի իրական կայացմանն ու ընտրողների առջեւ կառավարման մարմինների հաշվետու
դառնալուն, խթանել քաղաքացիների մասնակցությունը համայնքային կառավարմանը եւ
Հայաստանի Հանրապետության ընտրողներին ընտրագործընթացների վերաբերյալ տրամադրել
անաչառ, ճշգրիտ և հրատապ տեղեկատվություն: