ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացավ Լարիսա Ալավերդյանի
հանդիպումը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների
գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Վլադիմիր Շկոլնիկովի հետ:
Հյուրի խնդրանքով Օմբուդսմանը ներկայացրեց մարդու իրավունքների պահպանության և
պաշտպանության ոլորտում առկա առավել արդիական խնդիրները, որոնց առնչվում է
հաստատությունը, գնահատեց ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունը, մասնավորապես
իրավապաշտպանության լեհական, լիտվական և հայկական ազգային հաստատությունների
ներկայացուցիչների ճանաչողական փոխայցելությունների կազմակերպման գործում,
պատասխանեց նաև սահմանադրական հանրաքվեից հետո նոր Պաշտպանի նշանակման ընթացակարգին
վերաբերող հարցերին:
Անդրադառնալով այն խնդիրներին, որոնց առնչվում է հաստատությունը, Լ. Ալավերդյանը
նշեց մարդու իրավունքների վերաբերյալ բնակչության իրազեկության ցածր մակարդակը`
հատկապես գյուղական բնակավայրերում, և ՀՀ Օմբուդսմանի հաստատության տարածքային
ներկայացուցչությունների բացակայությունը:
Վարշավայից ժամանած հյուրին Պաշտպանը ներկայացրեց դիմումների հետ կապված ընդհանուր
իրավիճակը` շեշտելով, որ բողոքների հիմնական մասը վերաբերում է ոստիկանության,
դատարանների, դատախազության գործունեությանը, սոցիալական ոլորտին: Միևնույն ժամանակ
նշվեց դրական տեղաշարժը, մասնավորապես այն, որ գործադիր իշխանության կառույցները
ներկայումս ավելի արագ ու ակտիվ են արձագանքում Պաշտպանի դիմումներին:
Բարձր գնահատելով ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը` Օմբուդմանը հատուկ ուշադրություն
հրավիրեց միջազգային կառույցների հետ Պաշտպանի հաստատության անմիջական
համագործակցության ծրագրերի բացակայության հանգամանքին, ինչը բավականին դժվարացնում
է հաստատության աշխատանքը, և հույս հայտնեց, որ հաջորդ տարի այդպիսի ծրագրեր
կիրականացվեն:
Վ. Շկոլնիկովին հատկապես հետաքրքրեց Լ.Ալավերդյանի` Օմբուդսմանի կովկասյան
ինստիտուտ ստեղծելու գաղափարը:
Զրուցակիցները կարծիքներ փոխանակեցին նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական
փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքի դեպքում նոր պաշտպանի նշանակման
ընթացակարգի վերաբերյալ: Լ.Ալավերդյանը նշեց, որ այդ ընթացակարգի կոնկրետացման
վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Ազգային ժողովին:
