Ընդդիմադիր մի քանի տասնյակ ուժեր սկսեցին հանրաքվեի բոյկոտի զանգվածային ակցիաները

Օպերայի շենքի առջեւ ուրբաթ օրը սկսված "քաղաքացիական ժողով"-ը որոշեց, որ ուշ
երեկոյան, երբ Ազատության հրապարակում կավարտվի "այո՚­-ի համերգը, ընդդիմադիր
միացյալ ուժերը կտեղափոխվեն այնտեղ` նստացույցի ու վրաններ կխփեն: Շաբաթ հետկեսօրին
Րաֆֆի Հովհաննիսյանի Քաղաքացիական նախաձեռնությունը "Ազատություն" հրապարակում
հերթական նիստ է հրավիրել:

"Հայրենիք", "ազատություն", "ժողովրդավարություն", "ազգային շահ", "քաղաքացի"
գաղափարների ներքո Քաղաքացիական նախաձեռնությանը միացած "18 եւ 8" ընդդիմադիրների
առաջնորդներ ու հայտնի մտավորականներ ուրբաթ օրը հետկեսօրին հավաքն սկսելուց առաջ,
երբ տեսան "Ազատություն" հրապարակում երգող-­պարող դպրոցականներին, ժողովրդի
առաջնորդությամբ տեղափոխվեցին Օպերայի շենքի հակադիր կողմը` լցնելով Արամ
Խաչատրյանի արձանի շուրջ ամբողջ հրապարակը, իսկ հակադիր կողմը գրեթե դատարկվեց`
երկու կողմերում տեղակայված թողնելով, ըստ պաշտոնական տվյալների, հարյուր ոստիկանի:

Հանրապետության պետական օրհներգն սկսած Հասմիկ Հարությունյանին նախ միացավ Խորեն
Պալյանը, ապա նաեւ ձայնակցեցին քաղաքական գործիչների ու հավաքվածների մի մասը: Ապա
մեկ րոպե լռությամբ հարգվեց ազատության համար բոլոր զոհվածների հիշատակը:

"Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, թե քանի որ "պետական,
հանրային լծակներ են չարաշահել, ճնշումներ եղել ու քարոզարշավի անհավասար պայմաններ՚,
հայտարարեց, որ դրանով "գործընթացն արդեն օրենքից դուրս է":

"Բայց հետեւելու ենք քվեարկությանը. պաշտպանելու ենք անգամ այն փոքրամասնության
իրավունքը, որը կիրակի գնալու եւ "այո" է քվեարկելու: Միայն թե այդ "այո"-ն լինի
քաղաքացիական գիտակցության եւ ոչ թե սպառնալիքի, ճնշման արդյունք", - հավելեց նա:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն ասաց, որ երկրում գլխավոր մարմինը ժողովուրդն է`
քաղաքացիների ժողովը, եւ կիրակի պիտի հավաքվեն` իրենց վերջնական վետոն
ներկայացնելու:

"Այս հանրաքվեն անվստահության հանրաքվե է", -­ եզրափակեց Ղազարյանը:

"Արդարություն" դաշինքի եւ ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե "վարչախումբը
փորձում է ապահովել իր համար ցանկալի արդյունքը, եւ հայտարարեց, որ "քարոզարշավի
ընթացքում այնքան խախտումներ են թույլ տրվել, որ հանրաքվեն օրինական համարվել չի
կարող":

"Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր ելույթում ասաց. - "Ես
շատ կուզենայի հպարտանալ Հայաստանի խորհրդանիշերով` հիմնով, դրոշով, նախագահով:
Բայց փորձենք հպարտանալ Ռոբերտ Քոչարյանով, հնարավո±ր է դա...": Հավաքվածներից
լսվեց "ոչ" արձագանք: Սարգսյանը շարունակեց. - "Դե ուրեմն փառք Հայաստանի նոր
նախագահին":

Հիշեցնելով, որ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը, վարչապետը, պաշտպանության
նախարարը քարոզարշավին չեն մասնակցել` Արամ Սարգսյանը մեկ առ մեկ թվարկեց նրանց
վերջին ու առաջիկա այցերն արտերկիր ու եզրափակեց. - "Այո" ապահովել միանշանակ չեն
կարողանալու, ու եթե Սահմանադրության արդյունքները հայտարարեցին, որ "ոչ" է եղել`
ժողովուրդ, ուրախացե'ք ու հավաքվե'ք կրկնակի":

Ուրբաթ ուշ երեկոյան "Ազատություն" հրապարակում շարունակվում էր "այո"-ի
ցուցապաստառների ներքո վերսկսված համերգը:

Ռուզան Խաչատրյան