Ընդդիմության տվյալներով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին իրականում մասնակցել է ընդամենը 374 667 մարդ կամ ընտրողների թվի 16%

Ընդդիմության տվյալներով այսօր կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին իրականում մասնակցել է ընդամենը 374 667 մարդ կամ ընտրողների ընդհանուր թիվ 16.7 տոկոսը: Այդ մասին այսօր Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արդարություն» դաշինքի խմբակցության քարտուղար, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալներով, հանրաքվեին մասնակցել է 1 483 383 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 64.4 տոկոսը: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ հանրաքվեն անհրաժեշտ է չկայացած համարել, իսկ պաշտոնական տվյալները՝ անօրինական: Իշխանությունները գերազանցել են իրենք իրենց, իսկ ներկայացված թվերը անհրաժեշտ է համարել կերպարվեստի գլուխգործոց, ընդգծել է պատգամավորը: Նա պարզաբանել է, որ եթե հավատանք ՀՀ ԿԸՀ տվյալներին, ապա 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում երկրում քվեարկել է 423 522 մարդ, այսինքն մեկ մարդ 50 վայրկյանում, ինչը տեսականորեն իրատեսական չէ: Հանրաքվեի ընթացքում տեղ գտած զանգվածային խախտումները, մասնավորապես, Բյուրականի ընտրատեղամասից քվեատուփի դուրսբերումը և փողոցում քվեաթերթիկների լցոնումները, զանգվածային «մեռյալ հոգիները», ընդդիմության դիտորդների ծեծի ենթարկման դեպքերը և այլն ավելորդ անգամ հաստատել են հանրաքվեի անօրինականությունը: Նոյեմբերի 28-ին «Արդարություն» դաշինքը կգումարի դաշինքի վարչության նիստ, որի ժամանակ կորոշվեն դաշինքի հետագա քայլերը, մասնավորապես 18+1 ձևաչափի ժ.15:00-ին նախատեսված հանրահավաքին վերջինիս ներկայացուցիչների մասնակցության կամ չմասնակցության հարցը: Ամեն դեպքում ընդդիմության քայլերը կլինեն իշխանությունների գործողություններին ադեկվատ, նշել է Դալլաքյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու այսօր կայացած ընդդիմության բազմաթիվ ակցիաներին և մամլո ասուլիսներին «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չի մասնակցել, Վիկտոր Դալլաքյանը նշել է, որ Ս.Դեմիրճյանը ողջ-առողջ է և իրենց հետ է: