Լուրջ հետընթաց

«Հանրաքվեի ողջ գործընթացն անցավ ՀՀ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի զանգվածային եւ բացահայտ խախտումներով, որոնք էական ազդեցություն ունեցան հանրաքվեի արդյունքների վրա: Օրինականության առումով Հանրաքվեն լուրջ հետընթաց արձանագրեց անգամ 2003թ. ընտրությունների համեմատությամբ»,-ասված է ՀՀ սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» ՀԿ տեղական դիտորդական առաքելությունը նախնական զեկույցում:

Համաձայն դրա` հանրաքվեի նախապատրաստումն եւս անցել է զանգվածային եւ բացահայտ խախտումներով, որոնք ոչ միայն ազդել են քվեարկության արդյունքների վրա, այլեւ` հող նախապատրաստել քվեարկության փուլը նույն մեթոդներով անցկացնելու համար:

«Սակայն, քվեարկության ընթացքում կատարված խախտումները գերազանցեցին բոլոր կանխատեսումները` արդյունքները կեղծվեցին բազմապատիկ անգամ: Ըստ փորձագիտական գնահատականների` քվեարկության ընթացքում կատարված խախտումներին հզոր խթան հանդիսացան նաեւ գլխավոր դատախազի նախօրեին կատարած հրապարակային սպառնալիքները եւ քվեարկության օրը հանրապետության Նախագահի կողմից քվեարկության գաղտնիության ցուցադրաբար խախտելը:

Այս պայմաններում ավելի քան տարօրինակ հնչեց 2-3 օրյա այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդի կարճաժամկետ դիտորդական առաքելության 14 հոգանոց պատվիրակության »միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխան« վերնագրով եզրակացությունը, այն էլ` հանրաքվեի ողջ գործընթացի վերաբերյալ»,-նշված է զեկույցում` հավելելով, որ իրենց կողմից, դատարաններում են գտնվում Հանրաքվեի անցկացման բոլոր փուլերում քվեարկության արդյունքների հետ կապված եւ առ այսօր չքննարկված 100-ից ավելի դիմում-բողոքներ:

«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» Հ/Կ տեղական դիտորդական առաքելությունը վստահեցնում է,որ «իրենց եզրահանգումները հիմնվում են բացառապես արձանագրված փաստերի վրա եւ, դատարաններից պատասխաններ ստանալուց հետո, համապատասխան եզրակացությունը կներկայացնեն մեր հանրությանն ու իրավասու միջազգային ատյաններին»: