Ինտերնետային լրագրությունը պաշտպանության կարիք ունի

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Միացյալ Արաբական Էմիրություններին դադարեցնել hetq.am հայկական ինտերնետային էջի` հուլիսի 8-ից արգելափակումը, որի պատճառը ակնհայտորեն հայ կանանց` թրաֆիքինգի վերաբերյալ հոդվածն էր:

Երբ Էմիրություններում ընթերցողները փորձում են բացել hetq.am էջը, նրանք տեսնում են հետեւյալ տողերը. «Ցավում ենք, սակայն էջը, որ դուք փորձում եք բացել, արգելափակված է, քանի որ նրա բովանդակությունը ոտնահարում է Միացյալ Արաբական Էմիրությունների կրոնական, քաղաքական, մշակութային եւ բարոյական արժեքները»: «Այս ինտերնետային էջը արգելափակված է, քանի որ հրապարակում է հետաքննությունների վերաբերյալ նյութեր, որոնք առաջացնում են կառավարության դժգոհությունը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Այս կարգի վարչական գրաքննադատությունը, որ դուրս է դատական վերահսկողությունից, բոլորովին անընդունելի է: Մենք հիշեցնում ենք, որ օն-լայն ռեժիմով նորությունների հրապարակումը պետք է օրենքով նույնքան պաշտպանված լինի, որքան թերթերը, ռադիոն կամ հեռուստատեսությունը»,- ասված է հայտարարության մեջ: