ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռազմիկ Սարգսյանը շարունակում է հացադուլը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր այցելելու է
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում ավելի քան 100 օր առաջ հայտարարած
հացադուլը շարունակող Ռազմիկ Սարգսյանին, ով մեղադրվում է երկու զինծառայողների
սպանության մեջ:
Թեեւ Սարգսյանի փաստաբանները պնդում են, թե իրենց պաշտպանյալի առողջական վիճակը
ծայրահեղ վատ է ու նա հիվանդանոցային բուժօգնության կարիք ունի, մեկուսարանի
ղեկավարությունը ճիշտ հակառակ կարծիքի է:
Երեքշաբթի ամբաստանյալ Սարգսյանին բժշկական զննության ենթարկելու նպատակով
մեկուսարան այցելած դիագնոստիկ կենտրոնի մասնագետ Վալերի Աբրահամյանը «Ազատություն»
ռադիոկայանին փոխանցեց, որ Ռազմիկ Սարգսյանը հրաժարվել էր հետազոտվել առանց
փաստաբանների ներկայության:
Աղմուկ հանած այս գործով զբաղվող լրագրողներներն էլ արդեն մի քանի օր է չեն
կարողանում այցելել ամբաստանյալին. փաստաբանները պնդում են, թե իրենց պաշտպանյալը
ֆիզիկապես ի վիճակի չէ հանդիպելու եւ պատասխանելու լրագրողների հարցերին:
«Ես այսօր ստիպված էի գնալ մեկուսարան եւ ինքնս հանդիպեցի ու զրուցեցի Ռազմիկ
Սարգսյանի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արդարադատության
նախարարության մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը: - «Տեւական զրույց ունեցա տղայի հետ:
Ինձ հետ շփվելուց Սարգսյանը, սովորաբար, իրեն վատ չի զգում (սա երկրորդ շփումն է):
Կարող է, որոշակի հյուծվածություն կա, սակայն մենք շատ հանգիստ շփվեցինք՝ առանց
երրորդ անձանց ներկայության»:
Կարինե Քալանթարյան
