Վիճահարույց քայլեր. բողոքի հանրահավաքներից հետո ընդդիմության կողմնակիցներին բերման են ենթարկում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կրկին քննադատության թիրախ է դարձել այն բանից հետո, երբ սկսել է կասկածելի հիմքերով բերման ենթարկել ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցներին, որոնք դուրս էին եկել բողոքելու նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեի հրապարակած արդյունքների դեմ:

Դեկտեմբերի 2-ին ընդդիմության հանրահավաքի մոտ 30 մասնակցի «Հանրապետություն», «Ժառանգություն» և ԱԺՄ կուսակցություններից, քաղաքացիական հագուստով անձինք բռնել են փողոցում ու տարել Կենտրոնի ոստիկանատուն: ԱԺՄ կուսակցության անդամներ, ամուսիններ Մարգարիտա Մանուկյանին և Վրեժ Երանոսյանին մոտ երեք ժամ պահել են ոստիկանությունում:

«Ես ու ամուսինս իջնում էինք կինո «Մոսկվայի» մոտով,- պատմում է Մարգարիտա Մանուկյանը: - Մեկ էլ դեմներս փակեցին քաղաքացիական հագուստով անձինք, երկուսիս ձեռքերից բռնեցին ու մտցրին մեքենա: Տարան Կենտրոնի ոստիկանատուն: Արձանագրություն կազմեցին, որ մասնակցել ենք չարտոնված հանրահավաքի (քաղաքապետարանն այդ հանրահավաքը չէր արտոնել) և խախտել ենք հասարակական կարգը: Այդ պահին 22 բերման ենթարկված մարդ կար: Հետո մեզ տարան Մալաթիայի ոստիկանատուն, որտեղից ժամը 10-ի մոտ բաց թողեցին»:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը փաստաբան Վարդան Զուռնաչյանի հետ այցելել է ոստիկանության Կենտրոնի և Մալաթիայի բաժանմունքներ, սակայն նրանց թույլ չեն տվել հանդիպել բերման ենթարկվածների հետ:

«Կենտրոնից բռնածներին տեղափոխում էին նրանց բնակության վայրերի ոստիկանատներ: Մենք գնացինք Մալաթիայի ոստիկանատուն և ոստիկաններին դիմեցինք, որ թույլ տան փաստաբանը հանդիպի բռնածների հետ: Ոստիկանության պաշտոնյան թույլ չտվեց: Արդեն 10-ն անց էր` նրանց ազատեցին: Իմացանք, որ հանրապետության ոստիկանապետ Հովհաննես Վարյանի կարգադրությամբ են ազատել»:

«Հանրապետություն» կուսակցությունից հաղորդում են, որ դեկտեմբերի 4-ին Չարենցավանում ոստիկանները կուսակցության անդամներ Սաշա Սայադյանին և Արայիկ Խալաֆյանին տարել են ոստիկանություն, պահել են 20 ժամ ու պահանջել, որ նրանք չմասնակցեն դեկտեմբերի 9-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում և հերքեց, որ որևէ մեկին բերման են ենթարկել:

Վահան Իշխանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից