ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ուզո՞ւմ ես տեղեկանալ օրենքներին, այցելիր www.arlis.am
«Դեռևս 2000 թվականին, երբ վարկային համաձայնագրի շուրջ բանակցություններ էին
ընթանում, նպատակ և խնդիր էր դրվել, որ Հայաստանում օրենսդրական բազան, իրավական
ակտերը հասանելի և մատչելի դառնան հասարակության ցանկացած անդամի համար»- ասաց «Դատաիրավական
բարեփոխումներ ԾԻԳ» տնօրեն Արթուր ԹՈւՆՅԱՆԸ:
Նկատենք, որ Համաշխարհային բանկը մեր երկրում դատաիրավական բարեփոխումներ
իրականացնելու համար հատկացրել է 13 մլն դոլարի վարկ, որով, ըստ նախատեսվածի, պիտի
իրականացվեն բարեփոխումների ծրագրի 6 հիմնական բաղադրիչները՝ դատական համակարգի
ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, դատարանների ենթակառուցվածքների
վերականգնում, հարկադիր կատարման ծառայության արդյունավետության բարձրացում,
հանրային իրազեկում և քարոզչություն, իրավական տեղեկատվություն,
դատական-ուսումնական դպրոցի ստեղծում և ամրապնդում:
Նշենք, որ երեկվանից սկսել է գործել իրավական տեղեկատվության բաղադրիչը` ARLIS-ը
(Armenian legal information system), ինչը հնարավորություն կտա ինտերնետի միջոցով,
ընդ որում՝ ԱՆՎՃԱՐ ստանալ ցանկացած իրավական ակտ: Հիշեցնենք, որ այդպիսի
օրենսդրական, իրավական բազա ունի նմանատիպ մեկ այլ մասնավոր կազմակերպություն IRTEK-ը,
որը սակայն գործում է վճարովի հիմունքներով: Ի դեպ, IRTEK-ից ARLIS-ը գնել է ավելի
քան 10.000 էջ իրավական ակտերի շարվածքներ: Ա. Թունյանի խոսքերով, դա
այլընտրանքային տարբերակ էր, քանի որ թղթային կրիչից այդքան փաստաթուղթ
համակարգչային շարվածքի բերելը նախ, շատ ժամանակ ու 3 անգամ ավելի գումար կխլեր, և
երկրորդ՝ օրինակ 1993 թվականի փաստաթղթերից շատերը նույնիսկ թղթային կրիչով դժվար է
գտնել, համոզված է Ա. Թունյանը:
Դատաիրավական բարեփոխումների այս բաղադրիչի համար վարկային ծրագրից հատկացվել է 0.5
մլն դոլար, որից մոտ 115.000-ը ծախսվել է ծրագրի մշակման, 100.000-ը՝ տեխնիկական
սպասարկման համար անհրաժեշտ սարքերի և 120.000-ը՝ շարվածքները գնելու համար: ARLIS-ի
սպասարկումն իրականացնելու է «Պաշտոնական տեղեկագիրը», որին 15 լրացուցիչ
աշխատատեղերի համար, ինչպես նշեց Ա. Թունյանը, գումարներ պիտի հատկացվեն
պետբյուջեից:
ԾԻԳ տնօրենը դժվարացավ ասել, թե ARLIS-ը դատաիրավական բարեփոխումների կոնկրետ ո՞ր
մասն է կազմում, սակայն վստահությամբ նշեց, որ այդ բաղադրիչի «արդյունավետությունը
շատ ավելի մեծ է», քան հատկացումները:
Ի դեպ, իրավական ակտերը հատկապես մարզերում հասանելի դարձնելու համար, ծրագիրը
նախատեսում է թողարկել նաև լազերային սկավառակներ, որոնք, Ա. Թունյանի վստահեցմամբ,
բավական էժան կլինեն, այլ կերպ ասած՝ չեն անցնի 5.000 դրամից: Դա, ԾԻԳ տնօրենի
խոսքերով, համենայն դեպս ավելի էժան է, քան մյուս կազմակերպության ամսեկան 40 դոլար
բաժանորդագրությունը: Բացի այդ, «Պաշտոնական տեղեկագիրը» պարտավորվում է որոշակի
պարբերականությամբ թարմացնել իրավական ակտերը՝ արձանագրելով դրանցում կատարվող
բոլոր լրացումները և փոփոխությունները: Ակնհայտ է, որ ARLIS-ը հնարավորություն
կընձեռի որոշակի գումար տնտեսել բոլոր նրանց, ովքեր պարբերաբար ցանկանում են կամ
կարիք ունեն ծանոթանալ գործող, կամ նոր ընդունված օրենքներին, իրավական ակտերին:
Ծրագիրը IRTEK-ից կտարբերվի ևս մեկ հատկանիշով, եթե IRTEK-ում նշվում է իրավական
ակտերի ոչ պաշտոնական հրատարակության մասին, ապա ARLIS-ը ձգտելու է ունենալ
պաշտոնական հրատարակության նշագրում (գրիֆ): Տվյալ ծրագրի ինտերնետային հասցեներն
են. www.arlis.am կամ՝
www.laws.am
