ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրային
Նամակում մասնավորապես ասված է.
«Դիմում եմ Ձեզ, ակնկալելով Ձեր ղեկավարած կազմակերպության ակտիվ և գործուն
միջամտությունը՝ կանխելու Ադրբեջանի տարածքում կատարվող բարբարոսությունը` հայկական
մշակույթի հուշարձանների ոչնչացումը:
Արդեն մի քանի օր է, որ զանգվածային լրատվամիջոցները, հասարակական
կազմակերպություններն ու պետական կառույցները ահազանգում են Նախիջևանի /Ադրբեջան/
տարածքում տեղի ունեցող դեպքերի մասին:
Հավաստի աղբյուները հաղորդում են, որ մոտ 200 ադրբեջանցի զինվորներ ներխուժել են
Հին Ջուղայի հայկական գերեզմանոց և ծանր տեխնիկայի, մուրճերի ու բահերի միջոցով
ավերում են հայկական խաչքարերը, որոնք ժամանակին /իսկ 2003 թվականին նաև միջազգային
հանրության միջամտության շնորհիվ/ փրկվել էին պղծվելուց:
Կասկած չկա, որ ընթանում է հայկական մշակութային կոթողների պլանավորված ոչնչացում,
կոթողներ, որոնք հանդիսանում են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության
պատմական հուշարձանները:
Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարության կողմից մշակութային հարցերի ու մշակութային
իրավունքի քաղաքականացման, Նախիջևանի /Ադրբեջանի/ տարածքում հայկական պատմական
ներկայության ապացույցների ու ժառանգության ոչնչացման ձգտմանը, միջազգային
համապատասխան կառույցների կողմից պետք է համարժեք քայլեր ձեռնարկվեն` կանխելու
արվեստի ու մշակույթի հուշարձանների ոչնչացման, պատմության խեղաթյուրման ճանապարհով
քաղաքական հարցերը լուծելու փորձերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազդեցությունն ու հեղինակությունը կարող են լրջագույն գործոն լինել
վանդալիզմի ակտերը կանխելու համար:
Անհրաժեշտ ենք համարում միջազգային հանձնաժողովի ստեղծումը, որը կարող է անհապաղ
մեկնել և տեղում ուսումնասիրել իրավիճակը` համապատասխան կազմակերպություններին, այդ
թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ին, օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելու համար:
Ստեղծված իրավիճակում հապաղումն անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր օր
ոչնչացվում են նոր պատմական հուշարձաններ, որոնց վերականգնումն արդեն անհնար է:
Վանդալիստներն ու բարբարոսները երբեք և ոչ մի բանի առջև չեն ընկրկում իրենց ստոր
նպատակների իրականացման համար, այդ իսկ պատճառով նրանց կարող է զսպել միայն
միջազգային հանրության և կազմակերպությունների միջամտությունը:
Պատմական հուշարձանների նմանօրինակ ոչնչացումը, անկասկած, մշակութային
ահաբեկչություն է հայ ժողովրդի հանդեպ, որի հարուստ պատմական ժառանգությունը
հանդիսանում է համայն մարդկության մշակույթի ու պատմության անքակտելի մասը:
Հուսով եմ, որ շահագրգիռ մոտեցում կցուցաբերեք և կմիջամտեք մեր կողմից բարձրացված
խնդիրներին»:
