Վարդան Պողոսյան. «Նախագահը խախտել է Սահմանադրությունը»

Հունվարի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանագրով ստեղծվել
եւ արդեն գործում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն
իրականացնող ժամանակավոր հանձնաժողովը: Գործող Սահմանադրությամբ, Հայաստանի
նախագահը որեւէ հանձնաժողով, թեկուզ ժամանակավոր ստեղծվելու մասին հրամագրեր տալու
լիազորություններ չունի:

«Հրամանագիրը չի հակասում Սահմանադրությանը, որովհետեւ գործող Սահամանադրությունում
չկա այնպիսի դրույթ, որին հակասի», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան
հայտարարեց Հայաստանի նախագահի աշխատակազմում պետաիրավական վարչության պետ Արայիկ
Թունյանը՝ պարզաբանելով, թե «ժամանակավոր հանձնաժողովը կարող է դիտվել նաեւ իբրեւ
խորհրդակցական մարմին, որը ձեւավորելու լիազորություն նախագահը ունի«:

Այլ կարծիքի է սահամանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն»
հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Պողոսյանը. - «Սահմանադրությունը
միաշնակ խախտվել է, որովհետեւ հանրապետության նախագահը նման կարգի հրամանագիր
արձակելու իրավունք չուներ: Հրամանագիրը նա պետք է արձակեր օրենքով նախատեսված
դեպքերում», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Պողոսյանը:

Նախագահի հրամանագրում նշված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին
օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ էլ հղում է արված նույն օրենքի երկու այլ
հոդվածների, որոնք, ըստ Վարդան Պողոսյանի, «որեւէ առնչություն չունեն որեւէ
հանձնաժողով ստեղծելու հետ, եւ նախագահի հրամանագրի համար որեւէ իրավական հիմք
գոյություն չուներ»:

Հրամանագրում նշված հոդվածներից մեկը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի
անձեռնմխելիությանը, ձերբակալությանը ու նրա բնակարանը խուզարկելու անհրաժեշտության
պարագայում խորհրդարանից համաձայնությունուն ստանալուն: Իսկ մյուս հոդվածը
վերաբերում է պաշտպանի լիազրությունների դադարեցմանը, եւ նաեւ նշված է. - «Մինչեւ
նոր պաշտպան նշանակվելը պաշտպանի պարտականությունները կատարում է նրա տեղակալը»։
Այսինքն՝ որեւէ խոսք չկա ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով
նույնպես «Հայաստանի նախագահի հրամամանագիրը իրավական առումով հակասում է
Սահմանադրությանը»:

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը դիմի Սահմանադրական դատարան՝
հրամանագրի սահմանադրականությունը որոշելու: Նաեւ չեմ թաքցնում, որ «Արդարություն»
խմբակցությունը առաջադրելու է Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը», - «Ազատություն»
ռադիոկայանին փոխանցեց Վիկտոր Դալլաքյանը եւ ավելացրեց. - «Կարծում եմ, որ
հրամանագրի սահմանադրականության եւ Հայաստանի մարդու իրավունքների առաջադրման հետ
կապված հարցերին մենք կանդրադառնանք, հավանաբար, հունվարի վերջերին»:



Կարինե Քալանթարյան