ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար
Թերի Դեւիսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական
միջնադարյան գերեզմանատան բարբարոսաբար ոչնչացման փաստի առիթով.

«2002 եւ 2005 թվականներին Հին Ջուղայում կատարված անհանդուրժելի գործողությունները
ոտնահարում են մարդկային արժանապատվությունը, ինչպես նաեւ հակասում են Եվրոպայի
Խորհրդի գլխավոր նպատակներից մեկին` ԵԽ անդամ-պետությունների մշակութային
ժառանգության պահպանմանը: Դեռեւս 7-րդ դարի թվագրության Ջուղայի գերեզմանատան
խաչքարերը կազմում են ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական ժառանգության մաս:

Չնայած հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացումը շարունակվում է, միջազգային
կազմակերպությունների կողմից դեռեւս չեն իրականացվել կոնկրետ միջոցառումներ եւ
փաստահավաք առաքելություններ` ավերածությունների փաստերն արձանագրելու եւ պատմական
ու մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կանխելու համար:

Մտահոգություն հայտնելով բարբարոսական այս գործողությունների նկատմամբ միջազգային
հանրության անտարբերության կապակցությամբ, հորդորում եմ Եվրոպայի Խորհրդի
կառույցներին` վերահաստատել իրենց դիրքորոշումը եւ կոչ անել Ադրբեջանի
իշխանություններին` վերջ դնել այդ բարբարոսական գործողություններին եւ քայլեր
ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ»:

Հիշեցնենք,ո ր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում «Արդարություն» խմբակցության
ղեկավար Ստեփան Դեմիրճյանի եւ ԵԽ Մշակութային ժառանգության հարցերով զեկուցող
Օ'Հարայի հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ վերջինս
մայիսի վերջին կայցելի Նախիջեւան եւ կպատրաստի զեկույց: «Արդարություն»
խմբակցության նախկին պատվիրակ Շավարշ Քոչարյանը ԵԽ Նախարարների կոմիտեին առաջարկ էր
ներկայացրել տեսչական առաքելություն ուղարկել Ջուղա՝ պատրաստելու զեկույց ավերվող
պատմական եւ մշակութային արժեքների մասին, որոնք ոչ միայն հայկական, այլեւ
համաշխարհային մշակույթի արժեքներ են: