Հայաստանի հելսինկյան կոմիտեի հայտարարությունը

2006թ. փետրվարի 4-6-ը, երեք օր շարունակ, իշխանության վերահսկողության տակ գործող
«Արմենիա», «TV5» եւ «Արմնյուս» հեռուստաընկերությունները եթեր հեռարձակեցին
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործունեությունը վարկաբեկելուն միտված մի հաղորդում,
որտեղ փորձ էր արվում ԵԱՀԿ-ից ստացած դրամաշնորհով մեր իրականացրած
գործունեությունը ներկայացնել որպես լրտեսություն։

Լրագրողական էթիկայի նորմերի անտեսմամբ՝ հաղորդման հեղինակները խաբեությամբ
հարցազրույց են վերցրել Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից եւ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից ու իրենց ուզած ձեւով
մոնտաժելով` ծառայեցրել իշխանական քարոզչությանը։

Այս «ռեպորտաժը» պատասխանն էր վերջերս մեր ստորագրած մի հայտարարության, որով
Հելսինկյան կոմիտեն ցույց էր տալիս, որ երկիրը շեղվում է մարդու իրավունքների
սկզբունքներից։ Հայտարարության մեջ իբրեւ մարդու իրավունքների ոտնահարումներ
ներկայացված էին.

  • նախագահի հակասահմանադրական հրամանագրով Հայաստանի առաջին օմբուդսմենի
    պաշտոնազրկումը,
  • դատարանների կողմնակալ գործունեությունը՝ հօգուտ իշխանությանը մոտ կանգնած
    խմբերի,
  • շրջաններում տեղական բռնապետների կամայականությունները,
  • իշխանության տանիքի տակ գործող գործարարների կողմից Կենտրոնի տարածքների գրավումը
    եւ այնտեղից բռնի վտարված սեփականատերերի շահերը պաշտպանող քաղբանտարկյալ փաստաբան
    Վահե Գրիգորյանի դեմ սարքված քրեական գործը,
  • նոյեմբերի 27-ի հանրաքվեի կեղծումը։

Թվարկված բոլոր իրավախախտումների դեմ Հելսինկյան կոմիտեն հետեւողական աշխատանք է
տարել։

Մենք կարծում ենք, որ օրվա իշխանության համար անցանկալի իրավապաշտպանների դեմ
Հայաստանում սկսվող հարձակումներն անմիջականորեն հրահանգված են Ռուսաստանից, որտեղ
մեծածավալ հալածանք է սկսվել հասարակական կազմակերպությունների դեմ։

Հայաստանի իշխանությունները, չկարողանալով իրենց կատարած անօրինականություններն
արդարացնող որեւէ փաստարկ բերել, սկսում են օգտվել սովետական պրոպագանդայի
զինանոցից եւ ցանկանում են երկրում իշխող ապօրինությունները թաքցնել՝ մարդկանց
ուշադրությունը շեղելով իրենց իսկ ստեղծած «արտաքին թշնամու» կողմը, որն այս
դեպքում այն կառույցներն են, որոնց անդամագրված է Հայաստանը (Եվրոպայի խորհուրդ,
ԵԱՀԿ)։

Ինչպես սովետական շատ լրագրողներ ու ԶԼՄ-ներ զբաղված էին հակալրագրությամբ,
ապատեղեկատվություն տարածելով, կատարում էին ԿաԳէԲէ-ի պատվերը, որ վարկաբեկեն
այլախոհներին փորձելով նրանց գործունեությունը կապել օտարերկրյա
գործակալությունների հետ, այնպես էլ այժմ՝ որոշ ԶԼՄ-ներ վերածվում են իշխանության
վերին օղակների պատվերներ կատարող գործիքների։

Ցավալի է, որ «Արմենիայի», «Արմնյուսի» եւ «TV5»-ի համասեփականատեր, ամերիկահայ
Ջերարդ Գաֆեսճյանի ներդրումները ծառայում են իշխանության քարոզչությանը,
ապատեղեկատվություն տարածելուն եւ սովետական հակալրագրության վերածննդին։

Քանի որ այդ հեռուստատեսությունները գտնվում են իշխանության վերահսկողության տակ,
ապա հնարավոր չէ իրենց իսկ եթերով պատասխանել նրանց։

Այս պատմությունն ավելի ցայտուն դրսեւորեց ազատ մամուլի նկատմամբ իշխանության
ատելությունը, որի արտահայտությունն էր «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի եթերազրկումը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ահազանգ է հնչեցնում.

Հայաստանում վերականգնվում են այլախոհների դեմ պայքարի սովետական մեթոդները եւ
վտանգված է իրավապաշտպանությունը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

10 փետրվարի 2006թ.