ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բռնություններ բանակում. զինծառայողը հայտարարում է, որ զինակիցներն իրեն բռնաբարել են
Հայկական բանակի զինծառայող Նարեկ Կարապետյանը («ԱրմենիաՆաուն», գործի բնույթից
ելնելով, փոխել է նրա անունը) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի
շրջանում զինվորական ծառայության ընթացքում զինակիցները և մի սպա բռնաբարել են
իրեն:
Անցյալ շաբաթ Կարապետյանը, որը զորակոչվել է Վանաձորից, ԼՂՀ Մարտակերտի շրջանի
Թալիշի զորամասից տեղափոխվել է Երևանի հոսպիտալ, որտեղ զինվորական իրավապահ
մարմիններին հայտնել է, որ անցյալ տարվա մայիսի 10-ին զինվորական ծառայության
անցնելուց հետո ենթարկվել է բռնաբարության և շարունակական բռնությունների:
18-ամյա Կարապետյանը, որը վախենում է շատ մանրամասներ բացահայտելուց, ասում է, որ
իրեն բռնաբարել են զորամասում հայտնվելուց շատ չանցած:
(Գործին լավատեղյակ աղբյուրների տվյալներով՝ անցյալ տարվա մայիսից հետո
Կարապետյանին, հավանաբար, բռնաբարել են մեկից ավելի անգամ:)
Անցյալ տարվա նոյեմբերին Կարապետյանի հետ դիրք ուղարկված զինծառայողները վերցրել են
նրա փամփուշտները, որովհետև նա սպառնացել է ինքնասպան լինել:
Անցյալ շաբաթվանից Կարապետյանի շահերը պաշտպանում է երևանցի փաստաբան Զարուհի
Փոստանջյանը: Նա դատարանում ներկայացրել է նաև այլ զինծառայողների շահերը և ծանոթ է
հայկական բանակում տարածված բողոքներին ու մեղադրանքներին:
Մարտակերտի զինդատախազության քննիչ Հայկ Գրիգորյանն արդեն հարցաքննել է
Կարապետյանին: Փաստաբան Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ կախված քննության
արդյունքներից՝ նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար:
Ֆիզիկական և հոգեբանական ճնշման և նույնիսկ սպանության դեպքերը բանակում հազվադեպ
չեն, և թեև հայտնի է եղել բռնաբարությունների դեպքերի մասին, դրանք սովորաբար
հրապարակավ չեն քննարկվել:
Կարապետյանը պնդում է, որ բռնաբարվել է և մշտապես ենթարկվել է բռնությունների, ընդ
որում, մեկ անգամ մի սպա ծեծել է նրան սակրավորի բահիկով: (Զինվորը հայտնել է մորը,
որ Ալաշանի հոսպիտալում եղած ժամանակ հանդիպել է բռնաբարված չորս այլ զինվորի:)
«ԱրմենիաՆաուն» հարցրել է ՊՆ բուժվարչության ներկայացուցիչներին, թե բանակում ինչ
կարծիքի են Կարապետյանի մասին: Ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանից:
Փաստաբանն ասում է, որ Կարապետյանին վերաբերվել են «որոշակի տեսակի» մարդու նման՝
նկատի ունենալով կանխակալ վերաբերմունքը միասեռական համարվող զինծառայողների
նկատմամբ: Փոստանջյանն ասում է, որ իր պաշտպանյալը քաշ է գցել, որովհետև նրան
մեկուսացրել են և թույլ չեն տվել օգտվել ճաշարանից և ընդհանուր օգտագործման այլ
վայրերից:
Կարապետյանը բանակ զորակոչվելիս եղել է 102 կգ և 8 ամսում նիհարել է մոտ 40
կիլոգրամով:
Առաջին անգամ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, այցելել է որդուն բանակ զորակոչվելուց 45
օր հետո և ասում է, որ հազիվ է ճանաչել:
«45 օրում չափից ավելի էր նիհարել,- ասում է մայրը: - Հատկացված 6 ժամ տեսակցության
ժամանակ խնդրեցի համազգեստը հանել շապիկը փոխելու համար: Չէր ուզում: Երբ հանեց,
սարսափեցի՝ տեսնելով վզի ու թևերի կապտած հետքերը»:
Հաջորդ հանդիպումը որդու հետ տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին, երբ վաշտի հրամանատարը
ահազանգեց մորը շտապ գալ Թալիշ, քանի որ «Նարեկը շատ վատ վիճակում է»:
«Երբ ինձ փաթաթվեց` ձեռքերիս տակ շոշափեցի նրա ոսկորները: Ինձ գրկել ու լաց էր
լինում: Գլուխը չէր բարձրացնում, երբ դեմքին նայեցի` սարսափեցի. իմ դիմաց կանգնած
էր ծերացած Նարեկը: Աչքերի տակ սևացել էր, փոս ընկել»:
Զորամասում մայրը հանդիպումներ է ունենում հրամանատարական կազմի հետ:
«Նրանք գիտեին, թե տղայիս հետ ինչ է կատարվում, և գոնե բուժօգնություն ցույց չէին
տվել,- ասում է նա: - Ինձ ասում էին, որ դիտավորյալ է «տակը կեղտոտում», որ ազատվի
զինվորական ծառայությունից»:
Ըստ մոր և փաստաբանի՝ Կարապետյանը տառապում է քրոնիկական լուծից և հաճախակի
ուշագնացություններից:
Կասկածելով, որ Կարապետյանը կարող է ինչ-որ բան պատմած լինել մորը, զորամասի
սպայակազմի ներկայացուցիչները ստիպում են Կարապետյանին բացատրագիր գրել, որ ինքն իր
կամքով է սեռական հարաբերություններ ունեցել սպայի հետ (հայտնի է, որ նա կապիտան
է):
«Նարեկին դուրս տարան և շուտով ներս եկան մի գրությունով, որն իբր Նարեկն էր գրել
ու ստորագրել՝ թե ինքը սեփական կամքով է սեռական հարաբերությունների մեջ մտել, և
իրեն ոչ ոք չի ստիպել: Տեսա, որ հայերեն է գրված: Ասացի, որ Նարեկը հայերեն գրել
չգիտի և, բնականաբար, չէր կարող նման բան գրել»:
Նոյեմբերին մայրը պահանջել է Նարեկին տեղափոխել հոսպիտալ և բժշկական քննություն
կատարել, ինչը սպայակազմը մերժել է:
Սակայն ավելի ուշ զորամասի հրամանատար Կարեն Շաքարյանի հրամանով Նարեկին տեղափոխում
են մոտակա Ալաշան գյուղի հոսպիտալ:
Գասպարյանի բողոք-դիմումը համապատասխան հրահանգով մակագրում է ՀՀ պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը:
«Ես այնքան վախեցած էի, որ ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարներին դիմումներ գրելիս
բոլոր մանրամասները չներկայացրի [բռնաբարության մասին], վախենում էի վնասել
որդուս»,- ասում է մայրը:
Նարեկ Կարապետյանը 7 տարի առաջ` 11 տարեկանում, ծնողների բաժանվելուց հետո մոր հետ
Հայաստանից (Վանաձորից) մեկնել է Ռուսաստան: Սակայն անցյալ տարվա գարնանը
վերադարձել է Հայաստան՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու:
«Զինվորականները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում բանակում, և միջոցներ չեն
ձեռնարկում կանխելու համար,- ասում է մայրը: - Դա համարում են բանակային նորմալ
կյանք: Նախարարության բարձրաստիճան սպաներից մեկն ինձ ասաց, որ այդպես վարվում են
հատկապես նրանց հետ, ովքեր միակողմանի ծնողազուրկ են»:
Ժաննա Ալեքսանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
