«Ազգ»-ի գլխավոր խմբագիրը Հայաստանյան մամուլի զարգացման հեռանկարներ չի տեսնում

«Մամուլը եթե հետընթաց է էլ չի ապրել, գոնե դոփում է տեղում»: Մամուլի ազգային ակումբում փետրվարի 17-ի հանդիպմանը այսպես գնահատեց հայաստանյան մամուլի վիճակը «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ընդգծելով, որ զարգացման հեռանկարներ չի տեսնում: Ըստ նրա, տպագիր մամուլի զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատճառը մամուլի տարածման համակարգի չկայանալն է, իսկ երկրորդն այն, որ թերթերը նախնական մեծ կապիտալ ներդրումներ չեն անում իրենց զարգացման համար:

Տպագիր մամուլի անձուկ վիճակը, ըստ Հ.Ավտիքյանի, հետեւանք է երկրի լսարանի համեմատ չափազանց շատ հեռուստաընկերությունների գոյության: Նա նշեց նաեւ, որ հեռուստատեսությունների վրա գործադրվում է «վերին քաղաքական ճնշում, դրված են սահմանափակումներ»: Նրանց, ըստ «Ազգի» գլխավոր խմբագրի, թելադրվում է, թե ինչ քաղաքական դիրքորոշում որդեգրվի, ինչպիսի քաղաքական վերլուծություններ արվեն: Դրա դիմաց հեռուստաընկերություններին թույլատրվում է ըստ իրենց հայեցողության խախտել օրենքները, մասնավորապես, «Գովազդի մասին» եւ «Լեզվի մասին» օրենքները: