Բուզանդը մնաց առանց բուզանդցիների

Բուզանդ փողոցի վերջին երկու ընտանիքներն այսօր վտարվեցին իրենց տներից:
Երանոսյանների 12 անդամանոց ընտանիքը հայտնվեց փողոցում` այդպես էլ հրաժարվելով
պայմանագիր կնքել եւ դիմացը ստանալ 33000 ՍՄՆ դոլար փոխհատուցում:

«Չդիմադրեցինք: Ի՞նչ դիմադրենք: Երեք օր անընդմեջ ԴԱՀԿ-ից գալիս եւ համոզում են, որ
մեր դիմադրությունը անօգուտ է, միեւնույնն է վտարելու են»,- ասաց Բուզանդի 15 բակի
19 տան բնակչուհի Սուսաննան: Իսկ նրա ամուսինը՝ Ավետիքը ավելացրեց.«Կամ
մարդասպանություն պետք է լիներ, կամ պետք է հանգիստ դուրս գայինք»:

Մինչ ԴԱՀԿ-ի աշխատակիցները քանդում էին Բուզանդի փողոցի վերջին տները, Հյուսիսային
եւ Գլխավոր պողոտաների բնակիչներն ու Դալմայի այգիների տերերը կառավարության շենքի
առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել: «Ուզում ենք, որ կառավարությունը եւ
իշխանությունները հասկական, որ մեր հարցը լուծված չէ»,- ասում էին ցուցարարները:
Նրանց զայրացրել է մի քանի պատգամավորների` Սահմանադրական դատարան դիմելու
ստորագրություններից հարժարվելը: «Թերթերից մեկում կարդացինք, որ Վահրամ
Բաղդասարյանը իր ստորագրությունից հարժարվելը պատճառաբանել է եւ ասել. «6 ամիս առաջ
իրոք խնդիր կար, իսկ 6 ամիս հետո մեզ դիմած բնակիչները իրենք ասել են, որ
բավարարված են»: Ինչու՞ է հետ վերցնում: Ու՞մ հարցն է բավարարված»,- բողոքում է
Բուզանդի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը:

Նրանք դիմել են իշխանության բոլոր թեեւերին, բայց անօգուտ: Օրինակ` Ազգային
ժողովին, որը պատասխանել է, որ այդ հարցը իրենց լիազորությունների մեջ չի մտնում,
թող դիմեն դատարան: Նույն է պատասխանել նաեւ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ
պայքարի բաժինը: «Բոլոր ատյանները ֆուտբոլիստներ են. մի կողմից մյուս կողմ են տշում
մեզ»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:

Ի դեպ, ցուցարարները հավաստիացնում էին, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ
են կրելու եւ իրենք կառավարության շենքի մոտ բողոքելու են ոչ միայն գործադիրի
նիստերի օրերին, այլ ամեն օր: Ցույցեր են կազմակերպվելու նաեւ Երեւանի
քաղաքապետարանի, ԱԺ-ի եւ Նախագահի նստավայրի մոտ: