Կոզեռնցիները «քաղաքացիական անհնազանդներ են»

Կոզեռնի թաղամասի բնակիչները, որոնց թաղամասը իրացման գոտի է, վախեցած են, որ մի օր իրենք էլ կարժանանան Հյուսիսային պողոտայի բնակիչների ճակատագրին: Նրանք այդ հարցով դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի սեփականության իրավունք ձեռք բերեն իրենց տների նկատմամբ: Կառավարությունը խոստացել է գործին ընթացք տալ, բայց բնակիչները վստահ չեն:

Այսօր կոզեռցիների իրավունքները ներկայացնող «Համայն եւ իրավունք» Հ/Կ նախագահ Սամվել Մկրտչյանը ասուլիս էր հրավիրել:

Ըստ հասարակական կազմակերպության անցկացրած մարդահամարի՝ Կոզեռնում ապրում է 783 մարդ, որից 153-ը հաշվառված չեն: Թաղամասում կարելի է հանդիպել 7-8 էլիտար տների, որոնք պատկանում են հայտնի մարդկանց եւ հիմա իրացման վտանգ նրանց չի սպառնում: Իսկ մնացած բնակիչներին արգելվել է շինարարություն անել: «Դիմել ենք նախագահին, քաղաքապետարանին եւ վարչապետին, սակայն մեր դիմումները հայտնվում են Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակում, որը չի համապատասխանում տրված խոստմանը»,-ասում է Սամվել Մկրտչյանը, ապա հավելում. «Կարծում ենք, որ Կոզեռնը կլինի նույն Կոնդի շարունակությունը, մինչդեռ այստեղ բնակիչները ապրում են արդեն 70 տարի»:

Ինչպես վստահեցնում է Սամվել Մկրտչյանը տարբեր տարիների բնակիչները դիմել են տարածքային կադաստրին, որպեսզի գրանցեն, սեփականացնեն իրենց տները, սակայն նրանց մերժել են անհիմն պատճառաբանությամբ: «Դեռեւս 1996-99թթ.-ին գոյություն չուներ կառավարության 2004թ. այն որոշումը, համաձայն որի Կոզեռնը ճանաչվում է իրացման գոտի, մինչդեռ այդ թվականներին մերժվել է իրացման գոտու անվան տակ: Սրանով խախտվում է Սահմանադրությունը: Ինչպես առանց օրենքի իրացրեցին Հյուսիսային պողոտան, այնպես էլ ցանկանում են իրացնել Կոզեռնի թաղամասը»,- ասում է նա:

Բնակիչները պնդում են, որ տարիներ շարունակ իշխանությունները չեն գրանցել նորահարսերին, զինծառայողներին, անհիմն կերպով չեն ճանաչել սեփականության իրավունքը: «Մեր բնակիչները մի մարդու նման պահանջում ենք եւ պահանջելու ենք միայն սեփականության իրավունք»,- հայտարարեց տեղի բնակչուհի Անահիտ Պողոսյանը:

Կոզեռցիները պատրաստվում են պայքարել մինչեւ վերջ: 10 օրյա ժամկետում սպասում են պատասխանի, այլապես «Կոզեռնը կհայտարարի քաղաքացիական անհնազանդություն»: Սակայն նրանք չբարձրաձայնեցին, թե ինչ ի նկատի ունեն քաղաքացիական անհնազանդություն ասելով, միայն Սամվել Մկրտչյանը կատակեց. «Ընդհուպ մինչեւ Կոզեռնի անկախ հանրապետության հռչակում»:

Ի դեպ, նա ենթադրում է, որ ընդամենը 6 միլիոն դրամի փոխհատուցում կտան բնակիչներին, որը բավականին քիչ է, եւ նրանք չեն կարողանա բնակարան գնել: «Եթե լռենք, իշխանությունները կիրականացնեն իրենց ծրագիրը»,- ասում է նա: