Ապրիլի 13-ին դարձյալ հացադուլ հայտարարեցին «Մատաղիսի» գործով մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը

Ապրիլի 13-ին դարձյալ հացադուլ հայտարարեցին «Մատաղիսի» գործով մեղադրվող Ռազմիկ
Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը: Նույն օրը ի պաշտպանություն իրեց
որդիների Եռաբլուրում հացադուլ սկսեցին նաև նրանց հարազատները:



Բողոքի ծայրահեղ այս միջոցն այս անգամ ուղղված է վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր
Արղամանյանի և մեղադրող Անահիտ Եղիազարյանի ապօրինի գործողությունների դեմ:
Հայտարարելով դատաքննության ավարտը դատարանը հնարավորություն չտվեց տղաներին օգտվել
օրենքով իրենց տրվող իրավունքներից: Դատարանը մերժեց բոլոր այն միջնորդությունները,
որոնք կբացառեին ամբաստանյալների առնչությունը հրեշավոր այս սպանությանը (դատարան
հրավիրել վկաներ և այլն) և հնարավություն կընձեռնեին բացահայտել այս սպանությունը:
Հիշեցնենք, որ 2004-ի հունվարի 9-ին ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերվել են
զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի դիակները բռնության
հետքերով: Դատարանը հաշվի չառավ նաև սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հոր
կարծիքը դատարան հրավիրել վկաների` ապահովելու համար արդար դատաքննության
սկզբունքը, «որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն: Ես իմն արդեն կորցրել եմ»: Նախորդ
դատական նիստում դատարանը առանց հիմնավորման մերժել էր նաև ամբաստանյալների
պաշտպանների կողմից քրեական գործի «մութ» դրվագները պարզելուն ուղղված բոլոր
միջնորդությունները: Դատավոր Արղամանյանը անթաքույց հայտարարել է, որ չի ուզում
լսել պաշտպանական կողմի կարծիքը: «Վերաքննիչ դատարանը իրականացնում է առաջին ատյանի
դատարանի սցենարը. ամեն գնով շտապում է ցանկալի վճիռը կայացնել և անմեղ մարդկանց
դատապարտել»:



Դատավարության ամբողջ ընթացքում շարունակվում են ճնշումները պաշտպանական կողմի վրա:
Դատարանի թողտվությամբ բազմիցս խուլիգանական հարձակումների թիրախ են դարձել
փաստաբաններն ու ամբաստանյալների հարազատները: «Բանակ» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ Մարգարիտա Խաչատրյանը, որը պաշտոնապես ներկայանում է որպես ՊՆ
աշխատակից, դատական նիստերի ընթացքում մի խումբ կանանց հետ խուլիգանական
հայհոյանքներով հարձակումներ է նախաձեռնել ամբաստանյալների հարազատների,
պաշտպանական կողմի դեմ: Կին մեղադրող Անահիտ Եղիազարյանին հատկապես ոգևորում են
այսպիսի տեսարանները, որը որպես կանոն մերժում է պաշտպանական կողմի նիստը կարգի
հրավիրելուն ուղղված բոլոր միջնորդությունները: Փաստաբաններ Զարուհի Փոստանջյանի,
Ստեփան Ոսկանյանի և Աշոտ Աթոյանի իրավապահ մարմիններին ուղղված բազմաթիվ բողոքներին
վերջապես արձագանքել է Շենգավիթի ոստիկանության բաժինը, որտեղ նյութեր են
նախապատրաստվում դատարանում տեղի ունեցող խուլիգանական միջոցառումների
կազմակերպիչների դեմ:



Փաստաբան Զարուհի Փոստանջյան,

Փաստաբան Ստեփան Ոսկանյան,

Փաստաբան Աշոտ Աթոյան,

Լալա Ասլիկյան, քաղաքացի,

Հարություն Սիմոնյան, քաղաքացի,

Կարեն Հակոբյան, Հույս ՀԿ

Սեդա Մելիքյան, Հոգեւոր Հայաստան ՀԿ

Գոհար Արմենակյան, Զինվորի պաշտպանության կոմիտե մայրերի խումբ