ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստրասբուրգում հրապարակվեց Հարավային Կովկասում փախստականներին վերաբերյալ զեկույցը
«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, ես կոչ եմ անում երկու
կողմերին ակտիվացնել իրենց ջանքերն այս ուղղությամբ», - հինգշաբթի ուշ երեկոյան
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայտարարեց Հայաստանի, Ադրբեջանի
ու Վրաստանի փախստականների վերաբերյալ զեկույցի հեղինակ Բորիս Ցիլեւիչը:
Lատվիացի խորհրդարանականը ընդգծեց, որ այս հարցը խոչընդոտում է երեք երկրների
զարգացմանը, եւ կոչ արեց Հարավային Կովկասի իշխանություններին առավելագույն ջանքեր
գործադրել՝ հարյուր հազարավոր մարդկանց կյանքը բարելավելու եւ նրանց հայրենի տներ
վերադարձնելու համար:
Զեկույցը նաեւ կոչ է անում միջազգային դոնոր կազմակերպություններին եւ Եվրախորհրդի
անդամ երկներին՝ աջակցել հակամարտությունների արդյունքում անօթեւան մնացած
մարդկանց:
«Զեկույցը շատ կարեւոր նշանակություն ունի. այն ոչ միայն առաջարկում է հստակ
քայլեր՝ հարցի լուծման ուղղությամբ, այլեւ ներկայացնում է տարածաշրջանում առկա
օբյեկտիվ վիճակը՝ հիմնված ՄԱԿ-ի տվյալների վրա»,- հայտարարեց Հայաստանի
խորհրդարանական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը:
«Ձեր աչքի առջեւ փուչիկի նման պայթեց Ադրբեջանի կողմից տասնյակ տարիներ շրջանառվող
միֆը՝ միլիոնավոր փախստականների մասին: Զեկույցում նշվում է, որ այդ մարդկանց թիվը
երբեք չի գերազանցել 800 հազարը, իսկ 2004-ի վերջին Ադրբեջանում եղել է 8 հազար 606
փախստական», - նշեց Ազգային Ժողովի փոխխոսնակը:
Ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլտեկին Հաջիեւային էլ հաջողվել է որոշ
փոփոխություններ մտցնել փաստաթղթում, մասնավորապես փոխել այն կետը, որի համաձայն՝
փախստականները կարող են հայրենի տներ վերադառնալ միայն հակամարտության վերջնական
կարգավորումից հետո: «Դուք գիտեք, որ Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքը երկու անգամ
ավելին է, քան ինքը՝ Ղարաբաղը: Եվ ես կարծում եմ՝ սա քաղաքական առումով շատ կարեւոր
հարց է», - ասել է Հաջիեւան:
«Եթե մենք այս փոփոխությունը չմտցնեինք, դա կնշանակեր, որ խաչ ենք քաշում
հակամարտության լուծման փուլային տարբերակի վրա», - քվեարկությունից հետո «Թրենդ»
գործակալությանը պարզաբանել է Ադրբեջանի պատվիրակության անդամներից մեկը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա
Զեկույցի տեքստը ամբողջությամբ՝
Refugees
and displaced persons in Armenia, Azerbaijan and Georgia
