Նախագահը կարեվոր է համարում ոստիկանության բարեփոխումների շարունակումը

Ոստիկանությունը պետք է վճռականորեն իրականացնի իր գործառույթները` մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների լիարժեք հարգմամբ: Այսպես ձեւակերպեց ոսիկանության հիմնական խնդիրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 15-ին` ՀՀ ոստիկանության հիմնադրման 5-րդ տարեդարձի հանդիսության իր ողջույնի խոսքում:

Նախագահը միաժամանակ նշեց, որ ոստիկանությունը չպետք է կատարի իրեն ոչ բնորոշ գործառույթներ: Նա անհրաժեշտ է համարում հատուկ ուշադրություն դարձնել ոստիկանությունը ժամանակակից միջոցներով վերազինելու հարցին, անձնակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործման մշտական աշխատանքին: «Արդի մարտահրավերները ժամանակի հրամայական են դարձնում նաեւ ոստիկանության միջազգային համագործակցության ընդլայնումը, այլապես հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցագործությունների այնպիսի տեսակների դեմ, ինչպիսին են փողերի լվացումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, թրաֆիկինգը»,- նշեց Ռ.Քոչարյանը, կարեւորելով նաեւ ոստիկանության համակարգի բարեփոխումների շարունակությունը:

Նախագահը գտնում է, որ հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն օղակների գործունեությանը բարելավմանը, որոնք անմիջականորեն եւ ամենօրյա կյանքում առնչվում են քաղաքացիների հետ: «Պետք է առաջնորդվեք այն գիտակցությամբ, որ մեր երկրի ընդհանուր նկարագիրը եւ զարգացումը մեծապես պայմանավորված է նաեւ ձեր աշխատանքի որակով», - ասաց նա:

ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ վերիջն տարիներին լուրջ ու հիմնարար քայլեր են արվել ոստիկանության գործունեության, իրավական դաշտի կայացման եւ ամրապնդման ուղղությամբ, որակական նոր աստիճանի է հասել համագործակցությունը մի շարք երկրների իրավապահ կառույցների եւ Ինտերպոլի հետ: «Ըստ էության արդեն իսկ աշխատում ենք նոր պայմաններում եւ այս նոր ու արդիական մոտեցումների արդյունավետության վկայությունն է ոչ միայն հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում արձանագրված ցուցանիշները, այլեւ քաղաքացիների օրի-օրի աճող հավատը ոստիկանության հանդեպ` մեր կողքին կանգնելու, հանցավորության դեմ պայքարում մեզ աջակից լինելու նրանց մղումը»,- ասաց նա: