Վթարի է ենթարկվել Երեւան-Սոչի չվերթը իրականացնող ինքնաթիռը

Այսօր գիշեր Երեւան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա»
ավիաընկերության A-320 օդանավը: Օդանավում եղել է 113 մարդ՝ անձնակազմի 8 անդամ եւ
105 ուղեւոր: Ըստ նախնական տեղեկությունների, օդանավում գտնվող բոլոր մարդիկ
մահացել են:

Դեպքի վայր ժամանած Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Շեպելը ասել է, որ
ավիավթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղանակային վատ պայմաններն են:

«Բոլոր հաշվարկները վկայում են, որ վթարի պատճառը չափազանց անբարենպաստ եղանակային
պայմաններն են», - ըստ «Ֆրանսպրես»-ի, հայտարարել է Շեպելը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախնական վարկածի համաձայն ավիավթարի պատճառը անբարենպաստ
եղանակն է եղել: Օդանավի հետ կապը կորել է Սոչիի օդանավակայանում վայրէջք կատարելու
հաշվարկային ժամանակից վեց րոպե առաջ, ժամը 2:15-ին (Մոսկվայի ժամանակով): Ինչպես
հետագայում պարզվել է, օդանավը վթարի է ենթարկվել ծովափից 5 կիլոմետր հեռու:
Կործանված օդանավի բեկորները հայտնաբերվել են 300 մետր խորության վրա:

Ներկա դրությամբ Սեւ ծովում հայտնաբերվել է 25 ուղեւորի դիակ: Ռուսաստանի արտակարգ
իրավիճակների նախարարության փրկարարները շարունակում են որոնումները, բայց դրանց
խոչընդոտում է անբարենպաստ եղանակը:

Ուղեւորներից 77-ը Հայաստանի քաղաքացի, մեկական՝ Ուկրաինայի եւ Վրաստանի, իսկ 26-ը
Ռուսաստանի քաղաքացիներ են, մեծ մասամբ՝ ազգությամբ հայ:

Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, Երեւան-Սոչի չվերթն
իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր
հրավիրել է խորհրդակցություն՝ վարչապետի, պաշտպանության, տարածքային կառավարման
նախարարների, գլխավոր դատախազի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության,
քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարների մասնակցությամբ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը ներկայացրել է ինքնաթիռի վթարի հետ
կապված մանրանասները:

Նախագահ Քոչարյանի հանձնարարությամբ Ռուսաստանյան Դաշնություն կմեկնի հայ-ռուսական
միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝
վթարի պատճառներն ու հանգամանքներն տեղում ուսումնասիրելու նպատակով:

Որոշվել է տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ ստեղծել միջկառավարական
հանձնաժողով, որը կզբաղվի զոհվածների աճյունների տեղափոխման եւ հուղարկավորության
հետ կապված հարցերով: Գլխավոր դատախազը զեկուցել է, որ դեպքի առնչությամբ հարուցվել
է քրեական գործ: