ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կառավարության շենքը էլի շրջապատված է
Այսօր կառավարության շենքի բակը ժամը 10:30-ից հետզհետե այնքան մարդաշատ դարձավ, որ
անգամ անհրաժեշտ դարձավ անվտանգության ծառայության աշխատակիցների ներկայությունը:
Մոտ 4 ժամ ցուցարարները կառավարության առաջ գոչում էին`«Վար-չա-պե~տ, հե-ռա-ցիր»:
Վարչապետի «հյուրերն» էին Հյուսիսային եւ գլխավոր պողոտաների, Կոզեռնի բնակիչները,
Դալմայի այգետերերը, ինչպես նաեւ սոցիալական քարտերից հրաժարվող հավատացյալները:
Վերջիններիս լսեց վարչապետի խորհրդական Հրանուշ Հակոբյանը, մյուս երկու խմբերին ոչ
ոք չընդունեց:
«Ոչ մի երկրում պարտադիր չէ: Արդեն ինչքան ժամանակ է ոչ թոշակ ենք ստանում, ոչ էլ
աշխատավարձ»,- նշեց ուսուցչուհի Մարգարիտ Հովհաննիսյանը, որը իր կրոնական
համոզմունքների պատճառով հրաժարվում սոցքարտից:
Գլխավոր եւ Հյուսիսային պողոտաների ցուցարարները դժգոհում էին, որ Սահմանադրական
դատարանի որոշումը ոչինչ չի փոխել, կրկին շարունակվում են վտարումները նույն
հոդվածով. հերթը հասել է Բուզանդի 83 հասցեին: Իսկ երբ ցուցարարները դիմել են
Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ, ԾԻԳ-ը
մերժել է, ասելով, թե Սահմանադրական դատարանի որոշման կատարումը տեւելու է մինչեւ
հոկտեմբերի մեկը:
Ի դեպ, ցուցարարները մայիսի 2-ին եւս մեկ անգամ դիմել են Ռոբերտ Քոչարյանին: « Նրան
գրեցինք, թե դուք երաշխավորն եք Սահմանադրության: Կրկին շարունակվում են
անօրինությունները, բացի այդ կառավարությունը պետք է փոխի իր որոշումները: Նրանից
խնդրեցինք իր միջամտությունը կամ հրամանը, որ վերացնեն այս ամեն անօրինությունները,
որ կատարվում է կառավարության կողմից: Նրան գրել ենք, թե գուցե ձեզ ամեն ինչ չեն
տեղեկացնում»,- պատմում է Հյուսիսային պողոտայի հարցերով զբաղվող Վաչագան Հակոբյանը:
Ռոբերտ Քոչարյանից պատասխանը դեռ չկա:
160 տնտեսություն ունեցող կոզեռցիների մի ստվար զանգված եւս ցուցապաստառներով
բողոքում էին վարչապետից: Նրանց պահանջը սեփականաշնորհումն է, ինչը «միտումնավոր»
հետաձգվել է, մերժվել: «Գնում ենք քաղաքապետարան խաբում են, գալիս ենք այստեղ, ոչ
մի արձագանք: Եթե մեր հարցը չլուծվի, այլ քայլեր ենք նախատեսում, որոնց մասին չենք
բարձրաձայնի»,- ասացին նրանք:
Ցուցարարներին միացած Դալմայի այգետերերը պահանջում էին իրենց թույլ տալ
սեփականացնել իրենց մշակած հողերը կամ կադաստրային արժեքով փոխհատուցում:
Այգետերերը պատմում են, որ աճուրդով իրենց հողերին տիրացողները պաշտոնավոր անձիք են,
որոնցից «Հայռուս գազարդը », «Բիզնես» կենտրոնը եւ այլ կազմակերպություններ չեն
փոխհատուցել հողատերերին: «Ասում է, թե ես քաղաքապետին այնքան գումար եմ տվել, որ
քեզ փող չունեմ տալու»,- պատմում է Համբարձում Խաչատրյանը:-Տղաս սահմանի վրա է
ծառայում, իսկ իրենք եկան քանդեցին այգիս: Ինձ էլ ասացին, ինչու՞ է ծառայում որ,
մե՞նք ենք ասել»:
Իսկ Դալմայի այգետեր Սամվել Ստեփանյանը ցույց տալով ճաքճքված ձեռքերը բողոքեց, թե
16 տարի չարչարվել է այդ հողի վրա, անտառ ստեղծել, որ այսօր քանդեն. «Խոսում են
կանաչ տարածքների պահպանման մասին, բայց մեր կանաչ աշխարհը ոչնչացնում»:
Ի դեպ, նրանք վստահեցնում են, որ Դալմայի ամբողջ տարածքը այսօր աղբանոցի է վերածվել՝
բետոնի մնացորդներ, նետված տոպրակներ եւ այլն:
