Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը հանցագործություն է

Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ (2005թ. ապրիլ, 2006թ. փետրվար
եւ 2006թ. մայիսի 16), իր մասնագիտական պարտքը կատարելու համար ահաբեկվում է Լոռու
մարզի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի ժուռնալիստների
միության անդամ Նարինե Ավետիսյանը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության
պաշտպանության կոմիտեն հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Առաջին երկու դեպքերի նկատմամբ տեղական, հատկապես իրավապահ մարմինների անտարբեր
վերաբերմունքը ծնեց նոր բռնություն. 2006 թվականի մայիսի 16-ին անհայտ անձինք
քարկոծել են լրագրողուհու ավտոմեքենան:

Անցել է արդեն մի քանի օր, սակայն, ինչպես հայտնի դարձավ մեզ, հետաքննությունը
դեռեւս դոփում է տեղում: Մեզ անհայտ է՝ տեղի իրավապահները չե՞ն կարողանում, թե՞ չեն
ցանկանում բացահայտել գործը:

Իսկ գուցե չբացահայտումը ձեռնտու է տեղական իշխանությունների՞ն, որոնց որոշ
գործողությունների քննադատություններից հետո են ամեն անգամ կատարվում
բռնությունները, այլապես՝ ինչպես բացատրել նրանց անտարբերությունը, երբ իրենց
տարածքում միեւնույն լրագրողը մեկ տարվա մեջ ահաբեկվում է երրորդ անգամ, իսկ
ահաբեկիչները չեն հայտնաբերվում:

Մենք Լոռու մարզի եւ Վանաձորի ղեկավարությանը հիշեցնում ենք, որ լրագրողի
մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեական հանցագործություն է (ՀՀ
Քրեական օրենսգիրք, հոդված 164) եւ պահանջում ենք իրավապահ մարմիններից վարել այս
եւ նախորդ փաստերի օբյեկտիվ քննություն, պատժել մեղավորներին՝ դրանով իսկ կանխելով
հետագա բռնությունները»: