ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պաշտոնավարման 100 օրը լրանալուն առթիվ ասուլիս էր հրավիրել

Պաշտոնյաններից օրինակ վերցնելով ՀՀ երկրորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը
պաշտոնավարման 100 օրը լրանալուն առթիվ ասուլիս էր հրավիրել՝ հանրությանը
տեղեկացնելու իր արած գործերի մասին:

Պաշտոնավարման 3 ամսվա ընթացքում Արմեն Հարությունյանը ստացել է շուրջ 770 բողոք,
սակայն դրանց մոտավորապես կեսը որակվել է իբրեւ «օմբուդսմենի իրավասությունների մեջ
չմտնող»: Թե քանի քաղաքացու իրավունք է վերականգնել օմբուդսմենը իր գործունեության
100 օրվա ընթացքում, նա դժվարացավ ասել՝ նշելով, որ թվերի մասին ճիշտ կլինի խոսել
աշխատանքային կես տարուց հետո:

Ինչ վերաբերում է բողոքներին, ապա ՀՀ քաղաքացիները հիմնականում բողոքում են, որ
իրենց իրավունքները ոտնահարվում են դատարաններում, Երեւանի քաղաքապետարանում,
ոստիկանությունում, թաղապետարաններում եւ մարզպետարաններում, անշարժ գույքի եւ
կադաստրի վարչություններում: Ստացված բողոքների հիմնական մասը վերաբերում է
սոցիալ-տնտեսական խնդիրներին:

Իսկ ի՞նչ է հասցրել անել օմբուդսմենը 3 ամիսների ընթացքում: Մոտ 15 այցելություն է
կազմակերպվել մարզեր, որտեղ գոյություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի
ներկայացուցիչներ: Այդ խնդիրը շտկելու համար Արմեն Հարությունյանը որոշել է, որ
պետք է ընդլայնվի արագ արձագանքման խմբի հնարավորությունները, որոնք էլ հարկ եղած
դեպքում պետք է այցելեն մարզեր:

Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպանը նորմալ է ընդունում այն փաստը, որ Հայաստանն
այս տարի չընդգրկվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում: «Իսկ ի՞նչ
արձագանք ստացավ Հայաստանը, որ մինչ այդ 6 տարի այդ խորհրդի անդամ էինք»,- հակադարձ
հարցով պատասխանեց օմբուդսմենը, որը նաեւ անուղղակի ձեւով հաստատեց, որ նշված 6
տարիների ընթացքում Հայաստանը չի օգտագործել իր բոլոր հնարավորությունները: Դա
ապացուցվում է Արմեն Հարությունյանի այն պատասխանով, որ գործնականում
հնարավորություն կա, որ նշված կառույցում անդամ հանդիսանալով, օրինակ՝ Ադրբեջանը
կարող է դա օգտագործել իր քաղաքականությունն ու լոբբինգը իրականցնելու համար:

ՕՄԲՈՒԴՍՄԵՆՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՍՏԱՑԱՎ «ՈՒՂՂՎԵԼ»



Չնայած այն փաստին, որ բազմաթիվ թերթեր հրապարակեցին այն սպառնալիքները, որոնք ՀՀ
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայր պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանն
ուղղել էր «Իրավունք» թերթի թղթակցին, այնուամենայնիվ, դա հիմք չհանդիսացավ Արմեն
Հարությունյանի համար, որպեսզի նա հայտարարությամբ հանդես գար ի պաշտպանություն
լրագրողի եւ խոսքի ազատության: ՀՀ երկրորդ օմբուդսմենը բացատրում է, որ որեւէ
գործով զբաղվելու համար անհրաժեշտ է, որպեսզի օմբուդսմենը գրավոր դիմում ստանա:
Տվյալ դեպքում դիմում չի եղել: «Այստեղ մեր հայտարարություններով ի՞նչ պետք է
անեինք»,- տարակուսում է օմբուդսմենը, բայց եւ ընդունում, որ նշված դեպքում
օմբուդսմենը թերի է գործել եւ այդ բացթողումը խոստացավ շտկել՝ մի քանի օրվա
ընթացքում դեպքի կապակցությամբ հայտարարությամբ հանդես գալով:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆԸ ՉԷ



Երեկ երեկոյան օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դիմում է ստացել «Ժառանգություն»
կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից՝ կուսակցության գրասենյակի
կնքել-չկնքելու խառնաշփոթի հետ: Դիմումն, ըստ օմբուդսմենի, գրված է եղել խորագրով.
«Հաղորդագրություն հանցագործության մասին»: Այս ձեւակերպումն էլ թույլ է տվել Արմեն
Հարությունյանին այսօր հայտարարել, որ օմբուդսմենի իրավասությունների մեջ չի մտնում
«հանցագործությունների» ուսումնասիրությունը: Այդ իսկ պատճառով օմբուդսմենի
աշխատակազմում որոշում են ընդունել այդ դիմումն ուղարկել իրավասու այն ատյաններին,
որոնք էլ կզբաղվեն «հանցագործություններով»:

Ըստ օրենքի օմբուդսմենն իրավունք ունի վերահասցեագրել ստացված դիմումներն, իհարկե,
մինչ այդ համաձայնություն պետք է ստացվի նաեւ դիմումատուից: ՀՀ օմբուդսմեն Արմեն
Հարությունյանն այսօր հայտարարեց, որ իրեն թվում է, որ դիմումի վերահասցեագրմանը
դեմ չէ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԵՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ



ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանն այսօր անիմաստ համարեց պատասխանել այն
հրապարակումներին, թե ՍԴ դիմելուց առաջ նախապես արդեն իմացել է՝ իրացման գոտիների
խնդրի վերաբերյալ ՍԴ կայացվելիք որոշման բովանդակության եւ այն մասին, որ այդ
որոշման մեջ եւս «սողանցքներ» կլինեն:

Փոխարենը օմբուդսմենը փաստում է, որ ՍԴ որոշումից հետո նույնպես կառուցապատման եւ
վերաբնակեցման գործընթացը շարունակվում է այնպես եւ այն խախտումներով, ինչը եղել է
մինչ ՍԴ որոշումը: «Այն, որ ՍԴ-ն ժամանակ է տվել մինչեւ հոկտեմբերի 1-ը, չի
նշանակում, որ պետք է շարունակեն նույն ձեւով»,- ասում է Արմեն Հարությունյանը՝
պարզաբանելով, որ ժամկետը տրվել է օրենսդրական հիմքերը ձեւակերպելու համար:
Օմբուդսմենը նշում է, որ սայսօր միեւնույնն է, հնարավոր չի լինի վերականգնել արդեն
քանդված շենքերը, դրա փոխարեն տուժած քաղաքացիները պետք է պայքարեն իրենց այսօրվա
իրավունքների համար եւ այն հեռանկարի համար, որ կարողանան դիմել եվրոպական դատարան
ու Ստրասբուրգում, գոնե, վերականգնեն իրենց իրավունքները:

Չնայած ասվածին, Արմեն Հարությունյանը համոզված է, որ իրավունքները կարելի է
վերականգնել նաեւ Հայաստանի դատարաններում՝ չհասնելով Ստրասբուրգ: Ամեն դեպքում, նա
կոչ է անում իրացման գոտիների բնակիչներին մինչեւ հուլիսի 18-ը դիմել ՀՀ դատարաններ՝
իրավունքները վերականգնելու համար: Այդ ժամկետը՝ օրենքներով սահմանված այն
վերջնաժամկետն է, որը հետագայում հիմք կտա քաղաքացիներին դիմել Եվրոպական դատարան:
Նշված ժամկետից ուշ դիմողներն այլեւս այդ հնարավորությունը չեն ունենալու: