Ցույց Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեվ

«STOP» ցուցապաստառներով 10 հասարակական կազմակերպություններ, շուրջ 50
քաղաքացիների հետ միասին այսօր Ռուսաստանի դեսպանատան առջեւ ցույց էին կազմակերպել:
Նրանք դատապարտում էին Ռուսաստանում մոլեգնող ռասիստական խմբավորումների,

մասնավորապես, սափրագլուխների գործունեությունը եւ պահանջում էին ՌԴ
իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել մարդասպաններին ձեռբակալելու եւ
պատժելու ուղղությամբ:

«Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում հայազգիների, թեկուզ Ռուսաստանի եւ ոչ
Ռուսաստանի քաղաքացիների եւ այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ անթույլատրելի
է: Ռուսաստանի իշխանությունները իրականում բավարար չափով ոչ հետաքննություն են
անում եւ անգամ հետեւողական չեն, որ այն ինչ տեղի է ունենում ինչ-որ կերպ պատժվի:
Մեր կարծիքով ռուսական իշխանությունների այս ոչինչ չանելը ինքնին նշանակում է
խրախուսել այս ամենի շարունակությունը»,- դժգոհում է «Հանուն գիտության զարգացման»
նախաձեռնող խմբի անդամ Արսեն Խառատյանը: Նա նկատում է, որ հայերի մոտ մի
մտածելակերպ է ձեւավորվել, որ ռուսներին ոչինչ ասել չի կարելի: «Մենք պետք է
հասկանանք, որ եթե նրանք ռուսներ են, նրանք էլ կարող են վատը լինել եւ պետք է այդ
մասին խոսենք: Գոնե պետական մարմինները իմանալու են, որ մենք հետեւողական ենք:
Մարդիկ ենք, որ այդ ամեն ինչին նայում եւ դատապարտում ենք: Չենք թողնելու, որ դա
շարունակվի»,- ասում է Արսեն Խառատյանը:

«Հայաստանի հելսինկյան կոմիտե»-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, որը եւս միացել էր
բողոքի ակցիային, մի ճշմատություն է բացահայտել. «Երբ շատ ես խորանում, հարգանքն էլ
է կորում քո նկատմամբ: Համոզված եմ, որ եթե Հայաստանի իշխանությունները խիստ դիրք
բռնեին, շարունակությունը այսպես չէր լինի: Նույնիսկ, եթե Կրասնոդարում հայկական
գերեզմանների քանդուքարափից բավականին լուրջ նոտա ուղարկեին, ինձ թվում է`
բավականին կմեղմվեր այս իրավիճակը: Անհնար է որեւէ երկրում կատարվեն որեւէ
անօրինություններ որեւէ խմբի կողմից, եւ բավականին երկար ժամանակ դրանք չունենան
որոշակի կառույցների օժանդակությունը»:

Ի դեպ, ցուցարարները բողոքի ակցիա կազմակերպելու առումով որեւէ թույլատրություն
չէին ստացել, սակայն դա չխանգարեց ցուցարարներին, որոնք համոզված են. ցույցը չի
լինում թույլատրությամբ: Ռուսական դեսպանատան շենքը հսկող ոստիկանները հատկապես
անհանդուրժող էին ֆոտոխցիկների եւ տեսախցիկների նկատմամբ: Ոստիկանները փորձում էին
արգելել նկարահանումները: Միջադեպը փորձեց հարթել օտարերկրյա մի լրագրող, որն
անընդհատ նշում էր, որ իրենց մոտ նման արգելքներ չեն լինում: Ցուցարարները
հայտարարություն հանձնեցին ռուսական դեսպանին, այնուհետեւ շարժվեցին դեպի ՀՀ
Արտաքին գործերի նախարարություն` ասելով, որ սա միայն բողոք չէ ուղղված Ռուսաստանի
իշխանություններին:

«Ակցիայի նպատակներից մեկն էլ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրելն
է այդ հարցերի վերաբերյալ: Անհրաժեշտ է նույնիսկ Հայաստանից փաստաբաններ ուղարկել`
հետեւելու դատավարությանը, ինչպես ուղարկվեց Հունգարիա»,- գտնում է Ավետիք
Իշխանյանը: Իսկ Արսեն Խառատյանը պնդում է. «ՀՀ իշխանությունը ընդհանրապես ոչ մի բան
չեն անում: Դիրքորոշում չարտահայտելը ինքնին հանցանքի մաս է: Գտնում ենք, որ
քաղաքական կուսակցությունները, իշխանությունները որպես այդպիսին որեւէ բան չանելու
պարագայում, մենք ուղղակի չենք պայմանավորեցնելու մեր անելիքը նրանց հետ: Անելու
ենք այն, ինչ գտնում ենք, որպես քաղաքացիներ, կարեւոր է: ՀՀ իշխանությունների
վախեցած պահվածքը, մեղմ ասած, առնվազն թույլատրելի չէ եւ ամոթ է»:

Ի դեպ, հանձնվող հայտարության տեքստում նշված տվյալների համաձայն, 2005 թ.-ին
ռասիստական խմբավորումների կողմից Ռուսաստանում սպանվել է 28, հարձակումներից
տուժել են 402 այլազգիներ: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում հայերը: Իսկ 2006 թ.-ին
ազգային թշնամանքի պատճառով միայն Մոսկվայում սպանվել է 6 հայ երիտասարդ` Եվգենի
Բաղդասարյանը, Հայկ Դոլուխյանը, Հարություն Գալստյանը, Ռոբերտ Ֆեռոյանը, Վիգեն
Աբրահամյանցը եւ վերջինը` մայիսի 25-ին սպանված, Արթուր Սարդարյանը: