ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կառուցենք Եվրոպա երեխաների համար և երեխաների հետ.
Տեղեկատվության տարածմանը նպատակաուղղված հանդիպում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակում
Երևան, 27.07.2006թ.
Երեխաների իրավունքների ոլորտում Եվրոպայի խորհրդի աշխատանքների վերաբերյալ հասարակական իրազեկությունը բարձրացնելու և Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթերն ու հրատարակությունները տարածելու նպատակով համագործակցություն հաստատելու համար` Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը (ԵԽՏԳ) Հայաստանում երեխաների իրավունքների բնագավառում գործող ոչ կառավարական կազմակերպությունների համար կազմակերպեց իր ավանդական դարձած տեղեկատվության տարածմանը նպատակաուղղված հանդիպումներից մեկը:
Հանդիպումը, որը կայացավ հուլիսի 27-ին ԵԽՏԳ գրադարանում, կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Կառուցենք Եվրոպա երեխաների համար և երեխաների հետ» արշավի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցեցին մոտ 20 տեղական ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև Հայաստանի Արտաքին գործերի նախարարության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տկն. Բոյանա Ուրումովան` կենտրոնացնելով իր ելույթը երեխաների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների նշանակության վրա: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Լուիզա Ղարիբյանը ներկայացրեց նախարարության իրականացրած աշխատանքները և պատմեց Եվրոպայի խորհրդի հետ նախարարության համագործակցության մասին: ԵԽՏԳ տնօրեն տկն. Սյուզան Մարուխյանը վարեց քննարկումները և պատասխանեց Եվրոպայի խորհրդի տեղեկատվական քաղաքականության և կազմակերպության գերակայությունների մասին հարցերին:
Հանդիպման վերջին մասնակիցները հնարավորություն ունեցան դիտել «Վերջ երեխաների դեմ բռնությանը» վավերագրական ֆիլմը: Հանդիպման արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց համագործակցել ԵԽՏԳ-ի հետ Հայաստանում երեխաների իրավունքների մասին իրազեկությունը բարձրացնելու համար:
