Ազատության մակարդակի վարկանիշային ցուցակում Հայաստանը 79-րդն է

Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցնում State of World Liberty կազմակերպության կազմած 159 պետությունների «ազատության մակարդակի վարկանիշային ցուցակում»,-հաղորդում է «Ազատությունը»:

Պետությունների ազատության ցուցիչը հաշվարկելու համար օգտագործվել են տարբեր ցուցանիշներ` անհատի ազատությունից մինչեւ տնտեսական ազատություն, ինչպես նաեւ Heritage Foundation, Wall Street Journal, Frasier, Cato, Freedom House եւ Reporters without Borders կազմակերպությունների կողմից անցկացված հետազոտությունները:

«Աշխարհը ազատ չէ» - եզրակացնում են հետազոտության հեղինակները` նշելով, թե աշխարհի ազատության միջին ցուցիչը ընդամենը 56,9 է: Հայաստանի ցուցիչը կազմում է 59,46:

«Աշխարհի ազատության քարտեզում» ԱՊՀ երկրներից առաջինը Վրաստանն է, որը 59-րդն է: Ադրբեջանը զբաղեցնում է 137-րդ, Ուկրաինան` 87-րդ եւ Ռուսաստանը` 124-րդ տեղը:

Աշխարհի ամենաազատ պետությունների տասնյակում են Էստոնիան, Իռլանդիան, Կանադան, Շվեյցարիան, Իսլանդիան, Բահամյան կղզիները, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կիպրոսը եւ Նոր Զելանդիան: